Home / Առողջապահություն / Ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենը․ 300 հոգու թունավորման հետքերով

Ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենը․ 300 հոգու թունավորման հետքերով

Բացի նրանից, որ սնունդը համով չէր, ճանճերը խմիչքիդ ու ուտելիքիդ մեջ են, մի հատ էլ սննդային ինֆեկցիայի պատճառով գիշերը անգիտակից հայտնվում ես ինֆեկցիոնի բաժնում: Ու նույն վիճակում քո հետ են մոտ 300 հոգի։ Այս գրառումը հունիսի 11-ին ֆեյսբուքում արել էր  Հերմինա Ղազարյան օգտատերը։

Մեկնաբանություններից պարզվեց, որ խոսքը «Ծիրանի» ռեստորանային համալիրի մասին է․ «Ժող եթե չեք ուզում Ձեր առողջությանը մեծ վնաս հասցնեք, Ծիրանիում բան մի կերեք: Աշխատակիցներիս մեծ մասը հիմա հիվանդանոցում են: Բոլորով հարսանիք էին գնացել: Հարսանիքավորների 50-60% ևս հիվանդանոցում են»:

Ռեստորանը գտնվում է Աբովյան քաղաքի մոտ՝ Առինջ համայնքում։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Անուշ Հարությունյանի խոսքերով, հարսանիքը եղել է հունիսի 8-ին, գրառումը կատարվել է  հունիսի 11-ին։ «Մենք արձագանքնել ենք, մեր տեսուչները գնացել են ռեստորան և փորձել են հասկանալ, ինչ է մնացել այդ օրվա ուտելիքից, ինչ կարող են վերցնել, տան ստուգման։ Ռեստորանում բացված է դիտարկում՝ անկախ նրանից, թե ինչ կգտնեն, մենք ստուգում ենք, թե սանիտարահիգենիկ նորմերը ինչ վճակում են, դիտարկման արդյունքները կլինեն մի 10 օրվա ընթացքում, հետագծելիությունով պարզ լինի որտեղից է բերվում մթերքը։ Այդքան մարդկանց դիմելը նշանակում է, որ սննդային խնդիր է եղել։ Այդուհանդերձ 10 օր անց դիտարկման արդյունքները պարզ կլինեն»։

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հունիսի 11-ին՝ աղիքային վարակներին բնորոշ ահազանգի վերաբերյալ։ Համապատասխան գանգատներով 4 մարդ դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր  հետազոտությունների համար», տեղեցնում է նախարարությունը և հորդորում․

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝

– սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

– չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,

– սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,

– ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

– չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

– ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

– առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),

– սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

– պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք,

– հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։