Ոստիկանությունում օրենք է մշակվում, համաձայն որի՝ ճանապարհային երթևեկության կանոնները պարբերաբար խախտող վարորդները կզրկվեն վարորդական իրավունքներից: Վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարներին ՀՀ կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հուլիսի 6-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Արարատի Զոդի կամրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Հուլիսի 7-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը հայտնել էր, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) եւ Է.Մ.-ի (15 տ.) դիերը:
Հուլիսի 11-ին վարչապետը հորդորեց ոստիկանապետին ուժեղացնել վերահսկողությունը, իսկ կարգազանց վարորդների նկատմամբ ձեռնարկել ամենակոշտ միջոցները։ Վալերի Օսիպյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվն աճում է, դրան զուգահեռ՝ աճում է նաև զոհերի թիվը: 2018 թվականին ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր, 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր: