Home / Բնապահպանություն / Վերադառնալ 90-ականներին ընդհատված էկոլոգիական ճանապարհին

Վերադառնալ 90-ականներին ընդհատված էկոլոգիական ճանապարհին

«Անցյալ դարի 90-ականներ: ՀՀՇ-ն ընտրում է և էկոլոգիա, և Ղարաբաղ տարբերակը: Հասարակությունը հայտնվում է անտանելի պրեսի տակ: ԼՏՊ-ն ընտրում է էկոլոգիան, Վազգեն Սարգսյանը, Քոչարյանը՝ Ղարաբաղը: Երկրորդ տարբերակը հաղթում է: Սկսվում է հանքային հաղթարշավը և այլն: Հիմա նույն պրեսն են դնում նոր կառավարության վրա, և, և, որի պատճառով ԼՏՊ-ն հրաժարական տվեց: Սցենարը կրկնվում է … Հանրությունը էշ է, համաձայն եմ, բայց այս երկու բեռին չի կարող դիմանալ, ընտրեք … Միտքս որն է. սկզբում Ղարաբաղը տվեք ազերիներին, հետո ինչքան Ամուլսար փակում եք, փակեք: Երկու երնեկ չի լինում»:

հատված մշակութաբան Վարդան Ջալոյանի ֆեյսբուքյան գրառումից


Ղարաբաղյան պ
ատերազմի ավարտից հետո կոնֆլիկտի լուծման ուղիների շուրջ ներքաղաքական կյանքը Հայաստանում պառակտվեց հակամարտ բևեռների՝ բաժանարար գծեր քաշելով ոչ միայն իշխանության ու ընդդիմության, այլև հենց բուն իշխանության ներսում: Հայաստանի ուժային կառույցների՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Վազգեն և Սերժ Սարգսյանները, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին դեմ դուրս եկան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերցրած քաղաքական կուրսին, այն է՝ համատեղել ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները և խնդիրը լուծել՝ փոխզիջման գնալով:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հարցի չկարգավորված վիճակը լրջագույն խոչընդոտ է(ր) լինելու Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական զարգացման, լարվածության հիմք՝ միջազգային հանրության և հատկապես հարևանների հետ, և կարող է(ր) անդառնալի աղետի առաջ կանգնեցնել հասարակությունը:

Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի ընտրած կուրսը նրա ընդդիմադիրների կողմից պիտակավորվեց որպես պարտվողական: Չնայած նրան, որ 1996 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, դարձավ միակ երկիրը, որ դեմ քվեարկեց գագաթնաժողովի անդամ երկրների համատեղ հայտարարությանը՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու, Հայաստանի նախագահին չհաջողվեց խուսափել Ղարաբաղի հարցում դավաճանական դիտավորություն ունենալու վերագրումներից և կանխել քաղաքական օպոնենտների օրավուր ուժեղացող հոխորտախոսությունը:

Ընդդիմադիր երևակայությունը հասել էր իռացիոնալ մասշտաբների. չկար պատերազմի և խաղաղության դիլեմա, գործուն մեկնակետը հաղթանակն էր, հաղթողի դիրքից խոսելն ու գործելը. «արժանապատիվ խաղաղություն կկնքեմ ոչ թե Սպիտակի երկրաշարժի, այլ Աղդամի երկրաշարժի ֆոնի վրա:… Աղդամի երկրաշարժ արած ժողովրդին պարտություն պարտադրելը բոլորովին էլ խաղաղություն չէ»,-հայտարարում էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Գրեթե նույն ժամանակ անկախություն ձեռք բերելը նա համարում էր ընդամենը «ճկունության խնդիր, հնարավոր տարբերակը պիտի այնպիսին լինի, որ երաշխավորի Ղարաբաղի անկախությունը» (տե՛ս Հայաստանի Հանրապետություն, 1997, դեկտեմբերի 16-ի համարը):

Չկարողանալով կանխել առաջացած ներքաղաքական ճգնաժամը և հարցի շուրջ բանավեճ ծավալել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցնում է նախագահական լիազորությունները 1998 թ. փետրվարի 3-ին:

Հեռացող գործիչը հրաժարականի կարճ խոսքում արձանագրում է. «իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: …Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանում խաղաղության ու արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել» (Լևոն ՏերՊետրոսյան, Ընտրանի, Երևան, 2006, 661): 

1998 թ. սկզբին նախագահ դառնալուց հետո Քոչարյանի հռետորաբանությունը կտրուկ փոխվում է՝ Ղարաբաղի հարցում նրան բերելով չափավոր դիրքավորման: Վարչապետ Քոչարյանի դիրքից նախագահ Քոչարյանը փորձում է պատվով նահանջել՝ հայտարարելով, որ չի հրաժարվում Ղարաբաղը անկախ կամ Հայաստանին միավորելու իր նախկին մտադրությունից, պարզապես առկախում է հարցը բանակցային գործընթացը չվնասելու դիտավորությամբ. արդեն 1998 թ. հունիսի 18-ին արտգործնախարար Օսկանյանը Արմենպրեսին հայտնում է, որ Հայաստանը ձեռնպահ է մնում ԼՂՀ անկախության կամ վերամիավորման հարցը բարձրացնելուց (տե՛ս Հայաստանի Հանրապետություն, 1998, 118): Քոչարյանի իշխանության 10 տարում Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման երեք բանաձև է քննարկվել՝ Ընդհանուր պետության, Փարիզյան (Քի Ուեսթի) և Մադրիդյան: Հարկ կա այստեղ հղել դրանց բովանդակության գաղտնազերծված մասերը:

– Համաձայն Ընդհանուր պետության առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղը Հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

– Քի Վեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը:

– ԱՄՆի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները մասնավորապես ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն:

Սրանք այն սկզբունքներն են, որոնց շուրջ բանակցել և հավանություն են տվել «ղարաբաղյան» գործիչներ՝ Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեսնում ենք, Ղարաբաղի հարցում նրանց նախապես հայտագրված հռետորաբանությունը լավ խաղարկված քաղաքական բալագան էր ներքին լսարանի համար: Ղարաբաղի հարցում արդեն երեք տասնամյակ ընտրւթյունը լայն չէ. կա մեկ ճանապարհ՝ փոխզիջում:

Post factum, Պատերազմի կուսակցության կարնավալը պերֆորմատիվ մտավարժանք էր, քաղաքական մեծ բլեֆ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մինչ օրս չի հանգուցալուծվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված պետություն է, այն չի ճանաչել աշխարհում ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: 98-ի հեղաշրջման լոկոմոտիվը 20 տարի իշխել է Հայաստանի Հանրապետությունը՝ պետության կառավարման հիմքում դնելով ռազմական իշխանության գերակայման, օլիգոպոլիայի օրհասական սկզբունքները: Ղարաբաղի հարցի շուրջ «ընտրությունը» հանուն Ղարաբաղի չէր, դա պայքար էր Հայաստանի իշխանության ուզուրպացիայի համար:

2018թ. ժողովրդական շարժումը պայքար էր պետության բռնազավթողական այս քաղաքականության դեմ, որ ցնցեց կորզող ռեժիմի հիմերը: Հեղափոխական այս շրջափուլում Ամուլսարի պայքարը շարժման քաղաքական իղձերի ուղղակի շարունակությունն է, որ հավակնում է սահմանել քաղաքացիական և քաղաքական ինքնության նոր ձևերը, վերագծել Հայաստանում կյանքի արժանապատիվ իրավունքի սահմանները:

Այս պայքարը հեղափոխության արժեբանության համար առանցքային նշանակություն կարող է ունենալ և հղվել 90-ականներին ընդհատված էկոլոգիական ճանապարհին:

Ամուլսարը նախադուռ է բացում հասարակության առաջադիմության համար: Ապրիլյան հեղափոխությունը կարող է դառնալ ավելին, քան փոքրիկ երևանյան պատմություն, այն կարող է վերաճել սահմաններից այնկողմ, փոխել դրանց այժմյան նշանակությունը: Ուրեմն ինչո՞ւ չկանգնել հեղափոխական բարձր ցատկադիրքում՝ չվախենալով սահմաններից: Նոր Հայաստանը հայացքն ուղղում է դեպի կյանքը և խաղաղությունը, դեպի էկոլոգիան և քաղաքակրթությունը, և Նիկոլ Փաշինյանի կառավարության համար լավ հնարավորություն է մնալ և մաս կազմել առաջադիմական այս նախագծին:

Գայանե Այվազյան

Tekali Taxi