Home / Վերլուծություն / Հարգի սոցիոլոգիան

Հարգի սոցիոլոգիան

Սոցիոլոգ Միխայիլ Սոկոլովը ենթադիսցիպլինաների տեսության, բժիշկների կամ փաստաբանների նկատմամբ հարգանքի և հարգի (պրեստիժ) մասին, որպես սոցիալական դասակարգման նշիչ։

Վեբերը հարգը նշում է, որպես հասարակության մեջ կարգավիճակային խմբի հիմնական բնութագրիչներից մեկը։ Յուրաքանչյուր հանրության մեջ կարելի է գտնել պատկերացում այն մասին, որ կան մարդիկ, ովքեր մյուսների աչքում մեծ հարգանք ու պատվիվ են վայելում, և կան մարդիկ, ովքեր ավելի քիչ հարգանք են վայելում։ Կան լավ ընտանիքներ ու վատ ընտանիքներ, կան զբաղմունքներ, կան ակումբներ, որոնց պատկանելը լավ է, և այլ զբաղմունքներ, որոնք պակաս պատվաբեր են։ Իսկ հարգը բարդ ըմբռնելի և էլ ավելի բարդ բացատրվող երևույթ է։ Այնուամենայնիվ, այն շատ կարևոր է թվում։ Փաստացի, ստրատիֆիկացիայի տեսության և ընդհանրապես սոցիոլոգիայի մեջ մենք ընդդիմություն ենք տեսնում մտքի երկու դպրոցների, երկու աշխարհայացքների միջև։

Առաջինը գտնում է, որ ի վերջո, մարդկանց գործողությունների, պահվածքի հիմնական դրդող մոտիվը առավելագույն տնտեսական ռեսուրսների յուրացումն է, դրանց նկատմամբ հսկողություն ունենալը։ Երկրորդ տեսությունը պնդում է, որ մարդկանց պահվածքի գլխավոր զսպանակը շրջապատի հարգանքը վայելելն է։ Մարքսն ու մարքսիստական ավանդույթը առավել հակված են առաջին բևեռին, սակայն շատ մարքսիստներ, վճռականորեն խզելով կապերը իրենց նախորդների հետ, պնդում են, որ միայն որոշ սպեցիֆիկ իրավիճակներում են նյութական շարժառիթները մարդկանց գործողությունների հիմնական լծակը դառնում։

Կառլ Պոլանյին այդպիսի մտածողներից էր։ Նրա կարծիքով, մարդիկ բնական վիճակներում, երբ սովամահության եզրին չեն, առաջին հերթին իրենց նմանների կողմից հարգանք են ուզում։  Նրանց համար հարգանքն ավելի կարևոր է, քանի մի քիչ ավելի շատ բարիքների տիրապետելը։ Նորմալ ավանդական հասարակությունում, նորմալ առաջնորդն ավելի շատ ուտելիքի, ոսկու ու մորթիների կարիք ունի ոչ նրա համար, որ ինքը կրի կամ ուտի, այլ բաժանելու համար, և այդպիսով, վայելում է ցեղակիցների հարգանքը։ Դա հարստությունը օգտագործելու ամենաճիշտ ու ամենաբնական ձևն է մարդկանց համար։ Հարստությունը հարգը բարձրացնելու միջոց է, ոչ ավել քան միջոց։

Միայն բացառիկ իրավիճակներում են մարդիկ առաջին հերթին տնտեսական դրդապատճառներին արձագանքում։ Եվ Պոլանյիի «Մեծ ձևափոխության» մասին գիրքը նվիրված է հատկապես նրան, թե ինչպես է փլուզվում տնտեսվարման ավանդական ձևը, որի ժամանակ մարդիկ տնտեսությունը վարում են ուշադրություն դարձնելով մեծամասամբ ոչ տնտեսական խթաններին, և վերածվում են ուղղակի աշխատուժի, որն իրոք կարող է արձագանքել պահանջարկի և առաջարկի կանոններին։ Նրանք այդպիսին են դառնում, երբ կտրվում են իրենց տեղային խմբակեցությունից, երբ իրենց խառնում են անանուն միջավայրի այլ մարդկանց հետ ու հասցնում սովամահության շեմին։ Այ այդ ժամանակ մարդիկ պատրաստ են արձագանքել միայն ու միայն տնտեսական շարժառիթներին։ Սակայն արդեն աշխատավոր դասակարգը շուտով իր մեջ (դա ցույց է տալիս Էդվարդ Թոմփսոնը) հատուկ մշակույթ ու աշխատող մարդու արժանապատվության պատկերացում է զարգացնում, որն աշխատանքի տակ արդեն ոչ թե տնտեսական, այլ հարգի ըմբռնման հիմքեր է դնում։

Երկրորդ հանելուկը, որը կապված է հարգի հետ և մասամբ կապված է առաջին հանելուկի հետ. որքանով է հարգը սոցիալական հավաստագրման ինքնուրույն չափում, որքանով է հարգի բաշխումը  անկախ տնտեսական ռեսուրսների բաշխումից: Այս թեմայով դասական է Լլոյդ Ուորների աշխատությունը, ով, առաջին հերթին, նկատել է, որ դասն այն իմաստով, որով այդ բառը կիրառում են ամերիկացիները, հարգն է ցույց տալիս, ոչ թե հարստությունը․ բարձր դասի մարդը ոչ միշտ է հարուստ, իսկ ամենահարուստ մարդը կարող է ցածր դասի պատկանել, եթե, օրինակ, գանգստեր է։ Նա մեկն է, ում հետ բարեկիրթ ամերիկացին իր աղջկան չի ամուսնացնի։ Նախ, դասն իրականում հարգի մասին է, երկրորդ՝ հարգը հիմնվում է ամենատարբեր բաների վրա․ ծագում, կրթրություն, պահվածք, և սրանցից ոչ մեկը չենք կարող նշել որպես ամենակարևոր, ամենաորոշիչ, ամենասահմանող։

Այնուամենայնիվ, ավելի մատերիալիստական մտածողները գտել են որը նշել։ Հարգի ուսումնասիրության հաջորդ ալիքը փորձում էր կապ գտնել հարգի ու ավելի չափելի որակների բաշխումների միջև։ Մենք խմբերը դասակարգել ենք ըստ տվյալ հասարակությունում նրանց վայելած հարգանքի։ 1940–1950-ական թվականներիի հարցումներ ենք գտել, որոնցում ամերիկացիներին, իսկ հետո արդեն աշխարհի ամենատարբեր մարդկանց հարցնում են․ «Որքանո՞վ է հարգի այս աշխատանքով զբաղվելը։ Կուզենայի՞ք, որ ձեր աղջիկը կամ տղան ամուսնանային այս մասնագիտության մարդու հետ»։ Արդյունքում ստացանք հարգի այսպիսի աստիճանավորում։ Հետո փորձեցինք կանխորոշել խմբի զբաղեցրած դիրքը, հիմնվելով խումբը բնութագրող կոնկրետ ատրիբուտների վրա։

Օրինակ, իմանալով տարբեր մասնագիտությունների միջին աշխատավարձերը, ինչքա՞ն բան կարող ենք ասել այդ մասնագիտությունների հարգի մասին։ Կարո՞ղ ենք հասկանալ, թե ինչքանով է հարգի այս կամ այն մասնագիտությունը, հիմնվելով այդ մասնագիտության ներկայացուցիչների միջին աշխատավարձի վրա։ Կամ, որքանո՞վ կարող ենք գուշակել հարգի մակարդակը, հիմնվելով միջին կրթական մակարդակի վրա։ 1960-ականների զբաղվածության ամերիկյան համակարգի մասին դասական աշխատություն են գրել Օթիս Դադլի Դունկանն ու Փիթեր Մայքլ Բլաուն, որտեղ, մասնավորապես, համահարաբերակցություն են ստեղծում այս բոլոր փոփոխականների մեջ և նկատում, որ հարգի մասին մեր պատկերացումները սահմանվում են մի շարք արտաքին գործոններով։ Իրականում, բավականին ճշգրտորեն կարելի է գնահատել այս կամ այն խմբի հարգը, իմանալով նրանց միջին աշխատավարձը և էլ ավելի ճշգրտորեն՝ իմանալով կրթվածության մակարդակը։

1970-1980-ականների հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարգը գրեթե կատարելապես նախագուշակվում է տվյալ ընկերության կամ այլ կոլեկտիվի անդամների միջին կրթական մակարդի վրա հիմնվելով․ ինչքան ավելի կրթված է, ինչքան ավելի շատ ժամանակ է անցկացրել ուսումնական հաստատություններում, այնքան ավելի բարձր կարգավիճակ ունի հասարակության մեջ։ Օրինաչափ է, որ հարգի հիերարխիայի վերևում դատավորներն ու բժիշկներն են՝ մասնագիտություններ, որոնք պարտադիր ֆորմալ կրթության ամենաերկար ժամանակամիջոցն են պահանջում։ Այստեղ հարց է առաջանում առաջնայինի ու երկրորդականի մասին։ Եկամուտը հարգի հետ կապված է, քանի որ իրականում «հարգ» ասելով մարդիկ եկամուտի մասի՞ն են մտածում, թե՞ քանի որ հարգի մասնագիտություններն իրենց համար ավելի լավ շուկայական պայմաններ են պահանջում։

Առաջին տեսությունը մոտարկման նման տարբերակ է առաջարկում․ երբ մենք նոր մարդու հետ ենք ծանոթանում, չգիտենք որքան է նրա եկամուտը և չենք էլ կարող հարցնել, քանի որ նման հետաքրքրասիրությունը քաղաքավարի չի համարվում։ Փոխարենը, կարող ենք հարցնել, թե ինչով է նա զբաղվում։ Սա երևի առաջին հարցերից է, որ մենք ծանոթանալիս տալիս ենք, և արդեն սրանից ելնելով, գուշակում ենք (պնդում են գուշակելու տեսության կողմակիցները) նրա եկամուտը։ Բժիշկ, հավանաբար՝ հարուստ է, շատ լավ է  (խոսքը բնականաբար ամերիկյան բժիշկների մասին է)։ Հոգևորականը նույնպես լավ է, բանվորը, երևի, բոլորովին լավ չէ, գործազուրկը՝ շատ վատ է։ Ստրատիֆիկացիայի ամենաազդեցիկ ժամանակակից հետազոտողները միջին եկամուտի ու աշխատավարձի ուսումնասիրությունն ավելի շատ զարգացնում են կապված այդ կատեգորիաների վայելած հարգանքի ու հարգի հետ։ Ընդ որում, դա պրոյեկտում են, մասնավորապես, էթնիկ խմբերի վրա, ցույց տալով, որ էթնիկ խմբի դիրքը հարգի համակարգում մեծամասամբ կանխագուշակվում է այդ խմբի ներկայացուցիչների միջին եկամուտի վրա հիմնվելով։

Հակադարձող կողմը պնդում է, որ հարգն ունի ինքնուրույն, եկամտից կախում չունեցող հիմքեր։ Ամենակարևոր ու ամենահայտնի աշխատությունն այս թեմայով գրել է Էդվարդ Շիլզը, ով ցույց է տալիս, որ մասնագիտության հարգը, կամ տվյալ մասնագիտության հարգի մասին տարածված պատկերացումը որոշվում է նրանով, թե որքանով է այդ մասնագիտությունը կամ զբաղմունքը կապակցված մեր պոպուլյար միֆոլոգիայի, աշխարհի մեր պատկերացման «կարգուկանոնի ֆունդամենտալ հիմքերի հետ», ինչպես դա անվանում է Շիլզը։ «Մարդիկ կարգի ծարավ են, – ասում է Շիլզը, – և շնորհակալ են նրանց, ովքեր կարող են ապահովել այդ կարգուկանոնն իրենց կյանքում կամ իրականցնում են իրենց կապը հիմնարար բնական կամ աստվածային կարգերի հետ»։

Դրա համար էլ այդքան հարգում ենք բժիշկներին․ նրանք մեր կողքին են կենսական ցիկլի կարևորագույն պահերին՝ ծնունդ, հիվանդություն, մահ։ Նրանք մեր կողքին են այն պահերին, երբ մենք ամենամոտն ենք ինչ որ էքզիստենցիալ հիմքերին։ Իսկ իրավաբաններն օրինական կարգուկանոն են ստեղծում և թույլ են տալիս իրար չսպանել, ընդ որում բնութագրական է, որ դատավորի հարգն ավելի բարձր է, քան՝ փաստաբանինը։ Փաստաբանն այնքան էլ կարգ ստեղծող չէ, իսկ այ դատավորը, գոնե ամերիկացու համար, սրբազան պսակով կերպար է։ Գիտնականը բացահայտում է բնության աստվածային կարգերը։ Համեմատեք գրասենյակային աշխատողի հետ, ով թղթերն է դասավորում։ Գրասենյակային աշխատողը տիեզերական հիմքերի հետ այդքան փոխազդեցություն չունի։ «Հարգի հիերարխիան,- ասում է Շիլզը,- ուղիղ բխում է մեր տիեզերաբանությունից, իսկ արդեն դրանից հետևում են տնտեսական տարբերությունները»։

Այս երկու տեսությունները շարունակում են մրցել՝ ավելի ճկուն դառնալով։ Կա, օրինակ, Էնդրյու Էբոթի տեսությունը ենթամասնագիտությունների հարգի մասին, որի համաձայն հարգն ուղիղ բխում է ծիսական մաքրությունից․ ինչքան մաքուր է մասնագիտությունը, այն իմաստով, որ իր ներկայացուցիչները շփվում են միայն մասնագետների հետ, այնքան ավելի մաքուր, կատարյալ ու օրինակելի է այն թվում իր ներկայացուցիչ համար։ Դրանով է պայմանավորված այն, որ բժիշկների շրջանում ավելի բարձր հարգ ունի, օրինակ, ռենտգենոլոգի ենթամասնագիտությունը, քանի որ ի տարբերություն բժիշկ թերապևտի, ռենտգենոլոգը չի հանդիպում հիվանդների հետ, միայն ռենտգենային նկարներն է տեսնում։ Փոխարենը, նա շփվում է այլ բժիշկների հետ, և արտաքին աշխարհի հետ կողմնակի մասնագիտական կապ չունի։ Այդպես է նաև գիտնականներ դեպքում։

Հետազոտությունների մեկ այլ ուղղություն աշխատում է ոչ թե ինչ որ երևույթների ավելի բարձր կամ ցածր հարգ ունենալու, այլ առհասարակ հարգի համակարգի գործելու փաստի ուսումնասիրությամբ։ Ինչպե՞ս են մարդիկ հասկանում, թե ում հարգն է ավելի բարձր, ինչպե՞ս ենք հասկանում, թե ով է այդ հիերարխիայի վերևում։ Փողերի հետ ամեն ինչ պարզ է․ սեփականության իրավունքի որոշվածության դեպքում հստակ կարելի է իմանալ, թե ով ինչքան փող ունի։ Իսկ ի՞նչ անել հարգի հետ։ Հարգն ինքն իրեն գոյություն չունի։ Դա մարդկանց պատկաերացումն է ուրիշների՝ միմյանց հարգելու մասին։ Նորբերտ Էլիասը հարգի հասարակության դասական նկարագրություն է տվել  (այս դեպքում «արև արքա» Լյուդովիկոս XIV-ի արքունական միջավայրը), որում մարդկանց խմբի հիմնական մոտիվը, ըստ Պոլանյիի, միմյանց հարգանքը վայելելն է։

Հեշտ է ցույց տալ, որ արիստոկրատները բոլորովին չէին կոնտրոնանում տնտեսական շարժառիթների վրա․ նրանք սնանկանում էին, գրեթե անխուսափելիորեն սնանկանում էին, նրանց հողային վճարները կրճատվում էին, լրացուցիչ եկամտի այլ աղբյուրներ չունեին, քանի որ ձեռնարկատիրթյամբ զբաղվել չէին կարող, իրենց միջոցներն էլ բավական չեն։ Դուքսի համար չկա ավելի սարսափելի բան, քան դուքսին ոչ հարիր կյանքով ապրելը, արքայազների հետ խրախճանքների չմասնակցելը։ Եթե իմ նախնիներն այդպիսի խրախճանքներ էին կազմակերպում և ինձնից էլ նույնն է ակնկալվում, ապա ավելի լավ է մեռնեմ կամ սնանկանամ, քան խուսափեմ հերթական խնջույքից։ Հիշեք «Պատերազմ և խաղաղության» Ռոստովների ընտանիքը, որն ամբողջությամբ մարմնավորում էր նման վարքը։ Ու նրանք անպայմանորեն սնանկանում են, կախված են դառնում միապետից, և չնայած հենց դա է իրենց սպասվում վերջում, նրանք չեն կարողանում ռացիոնալիզացնել իրենց տնտեսական վարքը, քանի որ դա չէ ամենակարևոր ու ամենաորոշիչ շարժառիթը։ Այդ մարդկանց հիմնական զբաղմունքը զվարճանալն է, որն իրականում ծանր աշխատանք է․ ով ում խնջույքին է գնացել, ով է հագուստի մեջ սխալ բան թույլ տվել իրեն, ով է շեղվել մոդայից․․․

Կարդացեք ազնվական հավաքույթների մասին․ XVII դարից հետո գրեթե ոչինչ չի փոխվել։ Մարդիկ առաջվա պես հետևում են միմյանց, նկատում են բոլոր բացերը, բամբասում են միմյանց հետևից, քննարկում են, թե ով հրավեր չի ստացել, և ամենակարևորը՝ ով ում է հրավիրել։ Այդ համակարգում մարդիկ անընդհատ միմյանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի նշաններ են ցույց տալիս։ Հարգի հասարակության ամենատիպիկ ու ամենամնայուն տարրը հյուր կանչելն է․ ով ումից է հրավեր ստացել, ով ում հրավերն է ընդունել։ Դա հիերարխիայում դիրքը հասկանալու միանշանակ ցուցիչներից է։ XVII դարում գրանցամատյան կար, որում արքունականները գավառականների համար գրում էին, թե ով ում է նախաճաշելու հրավիրել, կամ միապետը ում է թույլատրել իր հանդերձարան մտնել և այլն։

Մեծ հաշվով, չնայած պալատական շրջանակն ու ազնվականությունը գոյություն ունեն, նրանք արդեն այնքան կարևոր չեն, որքան «արև արքայի» ժամանակներում։ Այնուամենայնիվ, նույն գծերը կարելի տեսնել այլ համակարգերում, այդ թվում մասնագիտական, և առաջին հերթին գիտական շրջապատում, որտեղ ով ում մեջբերեց, ով ում ուշադրություն դարձրեց, ով ում անտեսեց և նմանատիպ հարցերը հաճախ նույնատիպ բամբասանքների, մահացու վիրավորանքների, ոչ ռացիոնալ տնտեսական վարքի առիթ են դառնում։

աղբյուրը՝ Պոստնաուկա

Tekali Taxi