Առողջապահության նախարարությունն Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև:
Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում:
Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան 5 հիմնական դպրոցի 20-ից ավելի աշակերտներ տեղափոխվել էին «Արտաշատի բժշկական կենտրոն»։ Բոլոր աշակերտների մոտ սննդային թունավորում էր ախտորոշվել։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):