Home / Ազգային ժողով / ԱԺ-ն քրեականացրեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

ԱԺ-ն քրեականացրեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը՝ 99 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նախագծի հեղինակներից էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, կալանք՝ 1-3 ամիս, կամ ազատազրկում է նախատեսվում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։

Զոհրաբյանն այս նախագծի ընդունումը համարում է խորհրդարանի ամենակարևոր քայլերից մեկը։ «Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին և կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար։

Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին։

Բրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին։

Մեր երկրում կենդանիները այլևս պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից», ֊ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է Զոհրաբյանը։

Նախօրեին խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորը հայտարարել էր, որ նախագծով լուծվում է կենդանիների հանդեպ միտումնավոր դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը։

«Հաջորդ փուլում արդեն, երբ որ խորհրդարան կբերվի «Պատասխանատու վերաբերմունք կենդանիների հանդեպ», էնտեղ արդեն բոլոր մտահոգությունները, և օբյեկտիվ մտահոգությունները, որ հնչում են այս դահլիճում, հնչում են հանրության մեջ և կենդանասերների կողմից՝ վանդակը քանի սանտիմետր պիտի լինի, քանի մետր պիտի լինի, ով ինչի համար է պատասխանատու և այլն, և այլն, այդ ամենը մենք կձևակերպենք «Կենդանիների վերաբերյալ պատասխանատու վերաբերմունքի» նախագծում», – ասել էր Զոհրաբյանը։ Նախագծով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է համարվում, մասնավորապես, կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը՝ թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է կենդանու դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը կամ դիազերծումը, բարձրությունից կամ փոխադրամիջոցից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը։

Նախագիծը, նրա խոսքով, չի տարածվում հայկական գամփռ տեսակի շների վրա․ «Խոսքը հովվաշների մասին չէ, որովհետև հայկական գամփռ տեսակի գելխեղդ շները պիտի լինեն չակերտավոր մարտական վիճակում»։

Tekali Taxi