Home / Բանակ / Զինվորի անհետացման ֆոնին ՊՆ խոսնակը խոսում է շոուի մասին

Զինվորի անհետացման ֆոնին ՊՆ խոսնակը խոսում է շոուի մասին

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված զորամասից արդեն 6 օր է, ինչ ժամկետային զինծառայող է անհետացել։ Մինչ օրս նրանից որևէ լուր չկա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

«Ռազմական ոստիկանությունը որոնում է, սակայն զինծառայողը դեռևս չի հայտնաբերվել։ Կարևորը նրան ողջ և առողջ հայտնաբերելն է։ Փորձը ցույց է տվել, որ զինծառայողների՝ զորամասը լքելու հիմնական պատճառները անառողջ մթնորոլրտն է, ծեծուջարդը, հրամկազմի ճնշումները։

Զինծառայողի նկատմամբ հրապարակային ճնշումներ և սպառնալիք է հնչեցնում նաև ՊՆ-ն՝ Արծրուն Հովհաննիսյանի դեմքով, ընդ որում, նա իրեն վերապահում է պատժող իրավապահ մարմնի դերը՝ խոստանալով բոլոր դեպքերում զինվորին քրեական պատասխանատվության ենթարկել։

Զինվորի կորստի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարությունը։ Պատրաստ ենք աջակցել զինվորի ընտանիքին», – ասված է Ալեքսանյանի գրառման մեջ։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է․ «Անկախ նրանից՝ ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»։

Սա Արծրուն Հովհաննիսյանի երկրորդ անդրադարձն է զինվորի անհետացմանը։ Առաջինը հրապարակվել էր երեկ․ գրառմամբ մամուլի խոսնակը, ճիշտ է, ավելի մեծ ուշադրություն էր դարձրել «Բաքվում շատ սիրված հայկական «լրատվամիջոցներից» մեկի հրապարակմանը։ «[Գրում են] թե բա զինվորի ազգականը զանգել է….: Այ խելոքներ, եթե ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները, Երևանից առանձին, Վանաձորից առանձին կապի մեջ են մշտական, աշխատում են, փնտրում են: Եթե այլ կառույցները ևս ինտենսիվ աշխատում են, այս թատրոնն ում համար է? Որ պատկան մարմինն է նոր միայն զբաղվելու, ով որ պետք է զբաղվեր, օր ու գիշեր զբաղվում է», – գրել էր Հովհաննիսյանը՝ ակնկարկելով, հավանաբար, որ զինվորի ազգականների ահազանգը չէ, որ սկիզբ է տվել որոնողական աշխատանքներին։

Հիշեցնենք, որ զինվորի անհետացման մասին տեղեկությունը երեկ՝ հոկտեմբերի 24֊ին հրապարակվել էր shamshyan.com լրատվական կայքում։  Այն մասին, որ զինվորը «ինքնակամ լքել է զորամասը», կայքին ահազանգել է նրա ազգական Քնարիկ Գ․-ն։

«Հրամանատարությունը մեզ ասում է, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը, իբր երեխեն թույլտվություն է վերցրել, որ դուրս գա, հրամանատարությունը արգելել է, ինքն էլ ինքնակամ դուրս է եկել զորամասից: Իսկ թե երբ են երեխայի անհետանալը նկատել զորամասում, դա չգիտեմ: Դրանից հետո հրամանատարությունն ու Ռազմական ոստիկանությունն են սկսել փնտրել՝ թե՛ Վանաձորում թե՛ իրենց մոտ, թե՛ Երևանում, բայց արդեն քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք»,- հայտնել է զինվորի ազգականը։

Ըստ սկզբնաղբյուրի, առաջին օրվանից, երբ զորամասի հրամանատարությունն իմացել է զինվորի՝ զորամասը ինքնական լքելու մասին, նրան հայտնաբերելու գործում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի և Երևանի (զինվորը հաշվառված է եղել Վանաձորում և բնակվել է Երևանում) և Կապանի բաժինների ծառայողները։ Զինվորի որոնողական աշխատանքների հսկողությունը իր վրա է վերցրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը

Tekali Taxi