Home / Հայաստան / Գազի գին, Հայաստան-ԵՄ, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններ․ զեկույց

Գազի գին, Հայաստան-ԵՄ, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններ․ զեկույց

Հայաստանի խոցելիությունը պայմանավորված է ռազմավարական կախվածության, մրցակցող միջազգային առաջնահերթությունների և կոռուպցիոն ռիսկերի համադրությամբ։ Այս մասին ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության «Պաշտպանություն և անվտանգություն» ծրագրի կողմից հրապարակված «Կոռուպցիան որպես պետական կառավարման հմտություն․ կոռուպցիոն գործելակերպը որպես արտաքին քաղաքականության գործիք» վերնագրով զեկույցում։ Փաստաթղթի մեջ անդրադարձ է կատարվում նաև Ռուսաստանից Հայաստանի գազային կախվածության խնդրին։

«Երկար ժամանակ է, ինչ Հայաստանը կախված է Ռուսաստանից երկու ռազմավարական նշանակության ապրանքների՝ էներգետիկ ռեսուրսների և զինամթերքի պատճառով։ Սկսած 1997 թ.-ից՝ Հայաստանը գազ է ստացել Հայռուսգազարդից, որը ռուսական պետական «Գազպրոմ» և հայկական պետական «Հայգազարդ» ընկերությունների կողմից հիմնված համատեղ ձեռնարկություն է։ Ժամանակի ընթացքում պետությունը «Հայռուսգազարդ»֊ի իր մասնաբաժինները փոխանցեց «Գազպրոմ»֊ին, որի դիմաց «Գազպրոմ»֊ը պետք է զարգացներ Հայաստանի գազային ցանցը։ Արդյունքում առաջացավ Հայաստանի գազամատակարարման փաստացի մենաշնորհացում, ինչը սկիզբ դրեց կոռուպցիոն բազմաթիվ մեղադրանքների: Ռուսական գազից կախվածությունը և այս հարաբերություններն առաջացրել են բազմաթիվ անհամաձայնություններ, շարունակվել են նաև կոռուպցիայի շուրջ մեղադրանքները։

2013 թ.-ին «Հայռուսգազարդ»֊ը պաշտոնապես դարձավ «Գազպրոմ»֊ի դուստր ձեռնարկություն, երբ վերջինս, զրո ծախս կատարելով, ձեռք բերեց Հայաստանին պատկանող վերջին 20% մասնաբաժինը։ Սա գովազդվեց որպես «արտոնյալ» գնով նախկինում ստացված գազի դիմաց կուտակված պարտքերի մարում։ Չնայած խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բազմաթիվ պահանջներին՝ որևէ մանրամասն հաշվարկ չներկայացվեց կուտակված պարտքի վերաբերյալ։ Միաժամանակ, «Գազպրոմ»֊ի համար երաշխավորվեց ոչ միայն Հայաստանին մինչև 2043թ.-ը գազ մատակարարելու մենաշնորհ, այլև Հայաստանի տարածքով Վրաստանին և Իրանին էլեկտրաէներգիա արտահանելու իրավունք։

Այս փոփոխությունները համընկան եվրոպական ինտեգրացումից Հայաստանի քաղաքական հետագծի հեռացմանը, և երկիրն ավելի շատ ուղղվեց դեպի Եվրասիական տնտեսական միությունը։ Կառավարության երեք նախկին անդամները՝ էկոնոմիկայի, էներգետիկայի և ֆինանսների նախարարները, պնդեցին, որ եթե Հայաստանն այդ կերպ չվարվեր, ապա «Գազպրոմ»֊ը գազի սակագինը նշանակալիորեն կբարձրացներ։ Այլ կերպ ասած՝ հասկանալի է, որ գազի սակագինը հնարավոր է չարաշահվեր՝ Հայաստանին եվրոպական ասոցացման ճանապարհից ետ պահելու նպատակով։

Ինչպես և Ուկրաինայի դեպքում, Հայաստանի ռազմավարական կախվածությունը Ռուսաստանից, որը խորացավ «Գազպրոմ»֊ի կողմից «Հայռուսգազարդ»֊ի ձեռքբերմամբ, է՛լ ավելի բարդացավ` պայմանավորված ռուսական և հայկական ինստիտուտների և քաղաքական գործիչների միջև կապերով։ 2011-2016 թթ.-ին «Գազպրոմբանկ»֊ի («Գազպրոմ»֊ի դուստր ձեռնարկություն չէ, թեպետ «Գազպրոմ»֊ը դրանում ունի որոշ մասնաբաժին) փոխնախագահ Կարեն Կարապետյանը 2016թ.-ի սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի վարչապետ, որից անմիջապես հետո «Գազպրոմ Արմենիան» (100% բաժնեմասն այժմ պատկանում է «Գազպրոմ»֊ին) համաձայնվեց գազի սակագինը վերջնական սպառողների համար նվազեցնել 10%-ով՝ առանց բերելու դրա համար որևէ տնտեսական հիմնավորում կամ մատնացույց անելու գնագոյացման վրա ազդող գործոնների որևէ նյութական փոփոխություն։ Համաձայնագիրը նաև թույլ էր տալիս «Գազպրոմ»֊ին ավելի ուշ նորից վերադառնալ բարձր սակագներին և փոխհատուցում խնդրել ժամանակավոր ցածր սակագների արդյունքում չստացված եկամուտների համար՝ այդպիսով ստեղծելով ազդեցության հզոր լծակ», ֊ ասված է զեկույցում։

Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ:

Tekali Taxi