Home / Առողջապահություն / Մեկ օրում՝ 180 նոր դեպք․ սահմանափակումները կարող են վերականգնվել

Մեկ օրում՝ 180 նոր դեպք․ սահմանափակումները կարող են վերականգնվել

Մայիսի 13-ի՝ առավոտյան 11։00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3 718 դեպք, որոնցից 1 500-ն՝ արդեն ապաքինված, 69-ը՝ մահվան ելքով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Անցած մեկ օրում հաստատված դեպքերի թիվն աճել է ռեկորդային 180-ով, բուժվածների թիվը՝ 70-ով։ Գրանցվել է մահվան 3 դեպք․ 67-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, ուղեկցող քրոնիկ հիվանդություններ չի ունեցել։ Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, «երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն, ըստ նախարարության, հասել է 48-ի, «կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ մահացել է այլ պատճառներով»:

«Եթե այս տեմպերով մենք գնանք և դեպքերի թիվը այս տեմպով ավելանա, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների․․․»,- ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ արձագանքելով այսօրվա «ռեկորդային» ցուցանիշներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/263641605010854/

Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում և հակահամաճարակային պայմանները համատարած կերպով չեն պահպանվում: Կառավարությունը, «հաշվի առնելով երկրում առկա տնտեսական և սոցիալական վիճակը, հաշվի առնելով նաև այն, որ կորոնավիրուսը դեռ երկար է մնալու մեր կյանքում», որոշել էր գնալ սահմանափակումների փուլային նվազման: Այս պահին, ըստ Փաշինյանի, բացվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր ձևերը, չբացվածներն էլ նախատեսվում է շուտով բացել:

Վարչապետը կրկին ընդգծեց՝ կորոնավիրուսն առնվազն մեկ տարի պահպանվելու է, անհրաժեշտ է սովորել ապրել վարակին զուգահեռ, անցնել վարակի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության, ստանձնել կանոնները պահպանելու պատասխանատվությունը, ինչն, ըստ Փաշինյանի, չի նշանակում ապրել առանց կաշկանդվածության: Հակառակ դեպքում՝ «մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների», արպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել հիվանդներին։

«Սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ հանկարծ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության: Կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց նաև, որ մայիսի 4-ին՝ սահմանափակումների թուլացումից հետո տնտեսությունը վերականգնման միտումներ է ցուցաբերել, ինչը դրական ազդեցություն կունենա սոցիալական վիճակի վրա: Նրա խոսքով՝ մայիսի 12-ի դրությամբ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 73 միլիարդ դրամ, աջակցության ծրագրերից օգտվել են ավելի քան 1,1 միլիոն քաղաքացի։

Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 34 հազար 766 է (երեկ ռեկորդային շատ՝ 1453 թեստ է արվել): Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 149 մարդ։