Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Խոսքը հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանի մասին է։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, 2009-2016 թվականներին կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում անդրադարձել է ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը. «Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը»։
ՔԿ հայտնում է, որ նախօրեին փաստի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործին:
Նկատի ունենալով, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀատուկ քննչական ծառայություն։