ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ուշադրություն է հրավիրել բուհերի հանրապետականացման փաստին՝ անդրադառնալով, մասնավորապես, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում երեկ տեղի ունեցած դեպքերը։
Դիմելով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ Փաշինյանն ասել է․ «Սա ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ դուք մեր նախորդ քննարկումներից, ցավոք սրտի, համապատասխան հետևություններ չեք արել։ Եթե էլի չանեք, ստիպված դրանց նորից պետք է անդրադառնանք։ Էլ չեմ ասում, որ էն հարցերը, որ ես բարձրացրել եմ՝ կապված Տնտեսագիտական համալսարանի և Ագրարային համալսարանի հետ, մինչ օրս լուծված չեն։ Եթե ձեր հույսն այն է, որ մենք կմոռանանք կամ կհոգնենք, ուզում եմ ձեզ հիասթափեցնել»։
Աշոտյանը հայտարարել է, որ ինքը «չի խառնվում ՈՒԽ-ների ընտրություններին»։
«Դուք ուզում եք, որ մարդուն դիսկրիմինացիայի ենթարկեն այս կամ այն հայացքների համար։ Ինչ ա թեկնածուներից մեկը հանրապետական է, նա իրավունք չպիտի ունենա մասնակցի՞ գործընթացի, որին կարող են մասնակցել ՀԱԿ-ականները, գրանտականները կամ ԲՀԿ-ականները։ Սրանից ավելի հակալիբերալ բան կարելի է պատկերացնել» ,- ասել է Աշոտյանը։
Հակադարձելով՝ Փաշինյանն ասել է, որ ինքը պետք է կասեցնի երիտհանրապետական բանդաներին, այլապես դա կանեն ՀՀ քաղաքացիները՝ իրենց հասանելի մեթոդներով։