«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանը սպառնում էր ինքնասպանություն գործել կամ կրոնափոխ լինել, եթե իրեն չտեղափոխեն իր ընտանիքին մոտ գտնվող կալանավայր, գրում է News.am-ը։
Կայքի խմբագրություն ուղարկված նամակում Արթուր Սմբատյանը գրել է, թե քանի անգամ է ինքն իրեն վնասել, որպեսզի իր այդ պահանջը կատարվի: Նամակը թվագրված է մայիսի 7-ով։
«Ես այդ բոլորն անում եմ, որպեսզի իմ պահանջը կատարեն և ինձ տեղափոխեն իմ ընտանիքի ապրելու վայրին մոտ, որևէ ՔԿՀ, քանի որ ընտանեկան վիճակս ծանր է և չեն կարողանում այցելել ինձ»,- գրել է նա:
Արթուր Սմբատյանը կալանավորվել է 2006թ., սկզբում գողություն կատարելու համար՝ 2,5 տարվա ազատազրկում, իսկ դրանից հետո արդեն 8 տարվա ազատազրկում՝ փախուստի դիմելու համար: Այս ընթացքում կալանավորը երեք անգամ փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, իսկ օրեր առաջ էլ մեխել էր ոտքերը, որից հետո նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն սա էլ նրան չի հուսադրել:
«Ես ուզում եմ հրաժարվել ներկայիս կրոնից և ընդունել մուսուլմանական կրոնը: Այս բոլոր քայլերին ինձ դրդում են, այդ թվում ինքնասպանության»,- նամակում գրել է Արթուր Սմբատյանը:
News.am-ի հետ զրույցում կալանավորի կինը՝ Աննա Մանուկյանը, պատմել է, որ ամուսինը դիմել է տեղաբաշխման հանձնաժողովին, որպեսզի տեղափոխեն գոնե «Արթիկ» ՔԿՀ:
«Ամուսինս վախենում է, որ տանեն «Վանաձոր», երեխաներին այլևս տեսնելու հնարավորություն չի ունենա, քանի որ մենք սոցիալապես անապահով ենք և չենք կարող ամեն անգամ գնալ Վանաձոր, գալ»,- ասել է նա:
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ այստեղ