Աշխարհում ավելի քան 2,7 միլիարդ մարդ ապրում է երկրներում, որտեղ նույնասեռական լինելը պատժելի է ազատազրկմամբ, մտրակի հարվածներով ու նույնիսկ մահվամբ։ Այս մասին նշված է Լեսբուհիների և գեյերի միջազգային ասոցիացիայի՝ մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ ներկայացված ամենամյա զեկույցում։
Զեկույցի հեղինակները նշում են, որ աշխարհում չկա երկիր, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն օգտվում են նույն հավասար օրինական իրավունքներից, ինչ իրենց հետերոսեքսուալ համերկրացիները։
Հինգ երկրներում՝ Իրանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում ու Եմենում նույնասեռականների դեմ օրենքով մահապատիժ է սահմանված, իսկ ևս 71 երկրներում նույնասեռականների նկատմամբ սահմանվում է ազատարկում կամ մարմնական պատիժ։
1,3 միլիարդ մարդ ապրում է երկրներում, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները խտրականության դեմ որոշակի իրավական պաշտպանվածություն ունեն, իսկ 780 միլիոն մարդ՝ երկրներում, որտեղ նույնասեռ ամուսնությունները կամ քաղաքացիական միություններն ընդունված են օրենքով։ Ավելի քան 1 միլիարդ մարդ ապրում է երկրներում, որոնք արգելում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ խտրականությունն աշխատավայրում։
Ինչպես նախկինում, այս տարի էլ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը Եվրոպայի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության տեսանկյունից վատագույն երկրներից են: Նշված երկրներում նույնասեռականներն իրավականորեն պաշտպանված չեն խտրականությունից աշխատավայրում, իսկ ատելության խոսքից պաշտպանվածության, ինչպես նաև նույնասեռ զույգերի ամուսնությունների, երեխա որդեգրելու իրավունքների վերաբերյալ հստակ օրենքներ չկան։
Մեր տարածաշրջանի երկներից միայն Վրաստանում է, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն իրավականորեն պաշտպանված են խտրականությունից աշխատավայրում և ատելության խոսքից։ Միևնույն ժամանակ, Վրաստանում նույնասեռ զույգերի ամուսնությյունների և երեխա որդեգրելու իրավունքների վերաբերյալ հստակ օրենքներ չկան։