հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրեցի ուսանողները խափանել են ՀՀԿ-ականի ընտրություններն իրենց բուհում․ Ասպարեզ

Գյումրեցի ուսանողները խափանել են ՀՀԿ-ականի ընտրություններն իրենց բուհում․ Ասպարեզ

Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները շաբաթվա սկզբին բաց նամակով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին իրազեկել էին բուհի ռեկտորատի ապօրինի միջնորդությամբ ուսխորհրդի նախագահի ընտրությունները կազմակերպելու և ուսխորհուրդն հանրապետականացնելու իրենց մտահոգությունների մասին, գրում է asparez.am-ը:

Երեկ՝ մայիսի 15-ին, երբ ռեկտորատի ՀՀԿ-ական դասախոսների ջանքերով կազմակերպվելու էին ուսխորհրդի նախագահի ընտրությունները, ուսանողները միահամուռ կերպով պայքարում էին՝ փորձելով հետաձգել դրանք: Մատնանշելով օրենքն ու բուհի կանոնադրությունը՝ նրանք պնդում էին՝ ուսխորհուրդը ապաքաղաքական կառույց է, և համալսարանի ուսխորհուրդը հանրապետականացնելու ուղղությամբ մի խումբ ՀՀԿ-ական դասախոսների ճնշումները պարզապես անհանդուրժելի է, իսկ ընտրությունները կազմակերպելու իրավունքը միայն ուսխորհրդինն է:

– Ուսխորհրդին պարտադրում են քաղաքականության մեջ մտնել, ավելի կոնկրետ՝ Հանրապետական կուսակցության մեջ, ու ավելի շատ պարտադրում են ուսխորհրդի նախագահին, որով ուսխորհուրդն արդեն դառնում է քաղաքական կառույց, բայց տարիներ շարունակ ապաքաղաղաքան կառույց մնալը եղել է մեր առաքելություններից մեկը,- նշել է բուհի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի, ուսխորհուրդի անդամ Ռոզա Աղայանը:

– Վերջին հաշվով, ուսխորհուրդն ազատ է նաև բուհի մեջ, բայց վերջին շրջանում հանրապետական ու մի շարք այլ դասախոսների կամայական ճնշումները՝ ուսխորհուրդը դարձնել ՀՀԿ-ական, հակասում են ՀՀ օրենքին: Նրանք կիրառում են տարբեր ճնշումներ, անհատական զրույցներ են ունենում տարբեր ուսանողների հետ, ովքեր կապ չունեն ուսխորհրդի հետ, բայց նրանց պարտադրում են մասնակցել ընտրություններին և ընտրել իրենց մարդուն,- ասել է բուհի ուսանող, ուսխորհրդի անդամ Կարեն Ասատրյանը:

Ու մինչ բուհի ռեկտոր Սամսոն Դավոյանը՝ ի պատասախան լրագրողների հարցերին, միայն նշում էր, թե ընտրություններն ընթանում են ընթացակարգին համապատասխան, ու փորձում էր ուսանողների մի մասին դուրս հանել լսարանից, որպեսզի սկսեին ընտրությունները, առավել ակտիվ ու պահանջատեր ուսանողներն իրենց բողոքն արտահայտում էին ձեռքերով սեղաններին թխթխկացնելով ու ոտքերով դոփելով, դասախոսներին ու ռեկտորատի պահանջներին չհամաձայնելով: Ուսանողները նշում են՝ ռեկտորի մատնանշած ընթացակարգն անօրինական է, իսկ դասախոսների մասնակցությունն ուսխորհուրդի նախագահի ընտրություններին՝ ծիծաղելի, որովհետեւ իրենք, ըստ օրենքի, ուսխորհրդի կանոնադրությունը ներկայացրել են բուհի գիտական խորհրդին, որը որոշակի փոփոխություններից հետո հաստատվել է ու հիմա առաջնորդվում են այդ կանոնադրությամբ:

– Այս պահին ուզում են ընտրական այս սենյակից դուրս հանել բոլոր մտածող, սեփական կամքը դրսևորող ուսանողներին, որպեսզի ներս հրավիրեն այն ուսանողներին, ովքեր ընտրելու են իրենց նախընտրած թեկնածուին, իսկ մենք դուրս չենք գալու ու անընդհատ այն սենյակում ենք մնալու, որտեղ անցկացվելու են ընտրությունները,- խառնաշփոթի մեջ մանրամասնում է ուսխորհուրդի ներկայիս նախագահ Սոնա Խաչատրյանը, ով բացատրում է՝ ուսխորհրդի նախագահ լինելու իր 2 տարվա ժամկետն արդեն լրացել է ու հիմա պայքարելու են, որ նախագահ ընտրվի իրենց ցանկությամբ, ոչ թե ռեկտորատի. «Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ընտրեն հանրապետական թեկնածու, որպեսզի ցանկացած պահի, առանց երկմտելու, կատարի այն, ինչ ուզում են»:

Սակայն նախապես հայտարարված ընտրությունները, խմբված ուսանողներին մի լսարանից մյուսը տեղափոխելուց, ընտրություններն ակնհայտ մի քանի ժամ ձգձգելուց, ակտիվ ուսանողների ընտրություններին մասնակցել չթողնելուց ու քաշքշելուց հետո, այդպես էլ չկայացան: Իսկ այդ ընթացքում Երևանից հասցրել էր Գյումրի ժամանել մայր բուհի ուսանողական խորհրդի ՀՀԿ-ական նախագահ Սևակ Խաչատրյանը: Վերջինս այն ուսանողներից է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ հայհոյում էր լրագրողներին՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը։

Սևակ Խաչատրյանը, դիմելով Գյումրու ուսանողությանը, առաջրկել է ընտրությունները հետաձգել ու ուսանողների հետ հանդիպումների արդյունքում քննարկել առանձին հարցերը, ապա կարգին համապատասխան, նոր միայն ընտրություններն անցկացնել: Սակայն Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներն ընդդիմացան՝ ասելով, որ իրենց ուսանողական խորհրդում որոշումներ կայացնելու իրավունքը միայն իրենցն է: Ամեն դեպքում, նրանք առանձնացան՝ համատեղ քննարկելու առաջացած խնդիրը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ուսխորհուրդի նախագահի ընտրությունները լինելու են մայիսի 19-23 ընկած միջակայքում: Ի դեպ, սա Գյումրու ուսխորհրդի կայացրած որոշումն էր:

Հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում