Home / Հայաստան / Տրանսպորտը կաշխատի, դիմակը կդառնա պարտադիր, տուգանքները՝ սկսած 100 հազարից

Տրանսպորտը կաշխատի, դիմակը կդառնա պարտադիր, տուգանքները՝ սկսած 100 հազարից

Մայիսի 18-ից Հայաստանում ամբողջովին կվերագործարկվի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։

Բացի այդ, մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակ կրելը դառնալու է պարտադիր։ Կանոն խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։

Հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում կտուգանվեն՝ սկսած 100,000 դրամից։

Գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը չի թույլատրվելու։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտը բացվում է որոշակի պայմաններով, դրանց չպահպանումը հետևանքներ է առաջացնելու շահագործողների համար․ «Պարտադիր պայմաններ են դրված ախտահանման հետ կապված: Տեսչական մարմինները պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը»։

Ավինյանը նշել է, որ մարդիկ կարող են օգտվել տանը պատրաստված ինքնաշեն դիմակներից, անգամ՝ շարֆերից:

Հիշեցնենք, որ սահմանափակումների վերացման հետ մեկտեղ՝ Կառավարությունն, այնուամենայնիվ, որոշում է կայացարեց ևս մեկ ամսով երկարաձգել 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը։ ԱԴ ռեժիմը կգործի մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ։

Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 142-ով՝ հասնելով 3 հազար 860-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 72-ով և հասել 1572-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 49-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ մահացել է «այլ պատճառներով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին բուժվում է 2 հազար 218 մարդ․ ասիմպտոմ դեպքերը «հոսպիտալացվել են» հյուրատներում, սիմպտոմներովը՝ հիվանդանոցներում։