Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել։
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է հստակ ժամկետներ ամրագրել՝ ծանր հիվանդության հիմքով կալանավորներին կամ դատապարտյալներին պատժի կրումից կամ կալանքից վաղաժամկետ ազատելու համար։
Այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 3 դեպք, որոնցից երկուսը՝ ծանր հիվանդությունների պատճառով, նշել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
«Երկու դեպքերում էլ եղել է բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը, որը վկայում է պատժի կրման և հիվանդության անհամատեղելիության մասին: Զեկույց է ուղարկվել այդ քրեակատարողական հիմնարկ, որը, իր հերթին, դատարանում միջնորդություն է ներկայացրել։ Մարդիկ մահացել են մինչև դատական նիստի նշանակումն ու անցկացումը: Այլ կերպ ասած՝ դատարանը չի հասցրել լսել այդ միջնորդությունները», – ասել է փոխնախարարը:
Փոխնախարարը նշել է, որ այժմ առաջարկվում է հնարավորություն տալ վաղաժամ ազատ արձակել ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալներին․ օրինագծով նախատեսվում է հստակ ամրագրել ծանր հիվանդության հիմքով կալանքից ազատելու, հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ արագ որոշում կայացնելու, այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը։ Սահմանվում են նաև դատարանում նշյալ միջնորդագրերի քննության սեղմ ժամկետները՝ ներկայացնելուց հետո անհապաղ, և ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական այս նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողի դրական եզրակացությունը: Առաջիկայում այն կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։