Պահպանողական կուսակցությունն ի գիտություն ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ին Ազգային Ժողովում հնչեցրած՝ «Այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրի չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի» հույժ պատասխանատու և օրահունչ արտահայտությունը, հայտարարում է, որ Հայաստանի քաղաքական համակարգն օտարերկրյա գործակալներից զերծ պահելու փորձված և արդյունավետ գործիքը Լյուստրացիան է, որով անցել են երբեմնի բախտակից բազմաթիվ պետություններ։
«Պահպանողական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ իշխանությունների՝ քաղաքական համակարգից օտարերկրյա գործակալներին հեռացնելու, նրանց մուտքը քաղաքական համակարգ օրենսդրորեն թույլ չտալու նախաձեռնություններին։ Մասնավորապես՝ պատրաստակամություն է հայտնում աջակցել օրենսդրին՝ «Լյուստրացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծերի մշակման և հիմնավորման աշխատանքներում», – նշված է հայտարարությունում։