Ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումներն այսօր ամբողջությամբ վերացվել են:
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում են հրապարակումների և հաղորդումների սահմանափակումները, ինչպես նաև Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմը», – ասված է Կառավարության ֆեյսբուքի էջում հրապարակված հաղորդագրությունում։
Բուն կառավարության որոշումը հրապարակվել է e-gov.am պաշտոնական կայքէջում․
«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաև 15-րդ կետն ուժը
կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ռազմական դրություն էր հայտարարվել սեպտեմբերի 27-ից: