Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործման առաջնահերթություններին, որոնցից առաջինը գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումն է (նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետ);
«Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:», – գրել է վարչապետը։
Գրառման մեջ երկրորդ առաջնահերթությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ Սա, ինչպես նշում է պաշտոնյան, նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ ու տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան։
Փաշինյանը կրկին շեշտել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն։
«Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը։»,- եզրափակել է պաշտոնյան։