Հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Պաշտպանության Նախարարության վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել այն և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ մասնաշենք ներխուժած մարդը անհետ կորած զինծառայողի ծնող է։
Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։
Մասնաշենք ներխուժած մարդը ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ Ռազմական Ոստիկանության աշխատակիցների կողմից:
Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
Քրեական օրենսգրքի «Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու» մասին հոդվածի 5րդ և «Խուլիգանության» մասին հոդվածի 5րդ կետերով հարուցվել է քրեական գործ։ Գ․Վ․-ին այս հոդվածներով կարող է սպառնալ մինչև 8 տարվա ազատազրկում։