Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հաղորդմամբ` նախորդ տարի Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք՝ եռակի ավելի, քան 2019-ին:
Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը, ըստ դատախազության, պայմանավորված է պատերազմով․ Գլխավոր դատախազի ղեկավարմամբ այսօր ասնցկացված խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հանցագործությունների դեպքերից 1501-ը (մոտ 50 տոկոսն) արձանագրվել է ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում:
2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների շարունակման հետ:
Նախորդ տարի նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:
Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ թվի ընթացքում զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ, ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են շուրջ 221.5 միլիոն դրամի վնասի պատճառման փաստեր: Արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ դրամ վնաս: