Home / Հայաստան / Ոստիկանությունը ճնշում է անջատողական ռեփերի աջակիցների ցույցերը

Ոստիկանությունը ճնշում է անջատողական ռեփերի աջակիցների ցույցերը

Կատալոնիայում ձերբակալված ռեփեր Պաբլո Խասելի ազատության համար ցույցեր են սկսվել ոչ միայն ինքնավար մարզում, այլև բուն Իսպանիայում, հայտնում է BBC-ն։

Ռեփերը ձերբակալվել էր «ահաբեկչության փառաբանման» և միապետությանն ու պետական կառույցներին վիրավորելու համար։

Իսպանիայի մեծ քաղաքներում հազարավոր ցուցարարների դեմ դուրս եկած ոստիկանները զինված էին մահակներով և վահաններով։ Վերջին տվյալներով՝ Մադրիդում ձերբակալվել է 14 մարդ, Բարսելոնայում՝ 29։

Մադրիդում ցույցն ի սկզբանե խաղաղ էր սկսվել։ Ցուցարարներն իրենց հետ բերել էին «ազատություն Պաբլո Խասելին» և «վերջ ոստիկանական բռնություններին» գրություններով պաստառներ։

Ինչ-որ պահի, սակայն, բախումներ ու ձերբակալություններ են սկսվել․ ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել, իսկ վերջիններս դրան պատասխանել են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով։

Բարսելոնայում ցույցերն ընթացել են համանման սցենարով։ Ցույցեր են եղել նաև ռեփերի մայրենի քաղաք Լյերիդայում, որտեղ և նա ձերբակալվել էր, ինչպես նաև Կատալոնիայի այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ Խասելի ձերբակալությունը զայրույթի ալիք էր բարձրացրել Իսպանիայի պետական կառույցների նկատմամբ, որոնց ռեփերն ինքը «ֆաշիստական» է անվանում։ Արվեստի շուրջ 200 անվանի գործիչներ, այդ թվում՝ Խավիեր Բարդեմն ու Պեդրո Ալմադովարը, դատապարտել էին քրեական այս հետապնդումը։