Home / Հայաստան / «Ֆաշիստական պետությունը» ձերբակալեց անջատողական ռեփերին

«Ֆաշիստական պետությունը» ձերբակալեց անջատողական ռեփերին

Կատալոնիայում ձերբակալվել է ռեփեր Պաբլո Խասելը, ով ավելի վաղ բանտից խուսափելու համար պատսպարվել էր Լյերիդայի համալսարանում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ռեփերին 9 ամսվա ազատազրկում է սպառնում։ Նա մեղադրվում է իր երգերում և հրապարակումներում ահաբեկչությունը փառաբանելու և իսպանական միապետությանն ու պետական հաստատություններին զրպարտելու մեջ։

Խասելը Կատալոնիայի անկախության կողմնակից է։ Իր երգերից մեկում նա աջակցություն էր հայտնել Իսպանիայում արգելված մարքսիստական Grapo խմբավորման անդամ, անազատության մեջ գտնվող Վիկտորիա Գոմեսին։ Մեկ այլ ստեղծագործության մեջ նա տարբեր հանցանքների մեջ է մեղադրել երկրի ներկայիս թագավոր Ֆելիպե վեցերորդին և նրա հորը։

Խասելը դեռ անցյալ շաբաթ պետք է հանձնված լիներ ոստիկանություն, սակայն նա որոշել է չենթարկվել հրամանին և իր շուրջ երկու տասնյակ աջակիցների հետ միասին պատսպարվել համալսարանում։

Ռեփերի աջակիցները պատնեշներ են ստեղծել և համալսարան ներխուժած ոստիկաններին ջրել կրակմարիչներով։

https://twitter.com/i/status/1361560543677583360

Համալսարան մուտք գործելուց երկու ժամ անց ոստիկաններին ի վերջո հաջողվել է ձերբակալել Խասելին։

«Նրանք երբեք մեզ չեն լռեցնի։ Մահ ֆաշիստական պետությանը»,- վանկարկում էր ռեփերը, մինչ իրավապահները տանում էին նրան։

Խասելի ազատազրկումը քննադատել են արվեստի ավելի քան 200 համաշխարհային գործիչներ, այդ թվում՝ կինոռեժիսոր Պեդրո Ալմադովարն ու հոլիվուդյան դերասան Խավիեր Բարդեմը։

Amnesty International-ը Խասելի ձերբակալությունը «սարսափելի նորություն» է անվանել Իսպանիայում արտահայտման ազատության տեսանկյունից։

Կատալոնացի ռեփերն արդեն մի անգամ ձերբակալվել էր նույն մեղադրանքով, բայց նրան ժամանակից շուտ էին բաց թողել՝ պայմանով, որ արարքը չկրկնվի։

Պաբլո Խասելի դեպքը միակը չէ, ում ձերբակալությունը մտահոգություններ է առաջացրել խոսքի ազատության տեսանկյունից։ «Ահաբեկչության փառաբանում» բավականին լայն ձևակերպման տակ են ընկել շատ այլ արտիստների հայտարարություններ։

2018 թվականին ռեփեր Վալտոնիկը ևս նույն մեղադրանքով ազատազրկման էր դատապարտվել, երբ իր երգերում Իսպանիայի աջական քաղգործիչներին՝ փամփուշտներ, իսկ թագավորին՝ կախաղանի պարան էր խոստացել։ Վալտոնիկն ի վերջո ապաստան էր գտել Բելգիայում։

Դրանից մեկ տարի առաջ Կասանդրա Վերան ևս ազատազրկման էր դատապարտվել՝ երկրի նախկին բռնապետ Ֆրանկոյի օգնականի սպանության մասին կատակելու համար։

Իսպանիայի ղեկավարությունը խոստացել է վերանայել «ահաբեկչության փառաբանմանը» վերաբերող օրենքը։