Ղարաբաղի խորհրդարանն այսօր հավանություն է տվել ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագծին։ 27 հոգի կողմ է քվեարկել, 2 հոգի՝ ձեռնպահ։ Դեմ քվեարկողներ չեն եղել։
Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Ղարաբաղի միակ պետական լեզու, իսկ ռուսերենին՝ հայերենին զուգահեռ, շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել այս տարվա փետրվարին։ Օրինագծի հեղինակներն այն հիմնավորել էին «Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությամբ» և այն փաստով, որ «բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը»։
Նախագծում խոսվում է նաև ռուս խաղաղապահների մասին։
«Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»,֊ ասված է փաստաթղթում։