Ղարաբաղի խորհրդարանում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ։
Նախաձեռնությունը հիմնավորվում է «Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությամբ» և այն փաստով, որ «բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը»։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը», – ասված է նախագծում։
Օրինագծի համահեղինակ, Ղարաբաղի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը նշել է, որ նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է ԼՂ տարածքում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն խաղաղապահների և ՌԴ հետ հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտություն է ստեղծում:
Խաղաղապահների մասին խոսվում է նաև նախագծում․ «Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:
լրացում․ 16։35 Նախագծի համահեղինակներից մեկը՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը ընդգծում է՝ պետք է տարբերակել պետական և պաշտոնական լեզուներ հասկացությունները։ Արցախում պետական լեզու է հայերենը, պաշտոնական կլինեն հայերենն ու ռուսերենը։
Պետական լեզուն ամրագրված է Սահմանադրությամբ, երկրորդ լեզու սահմանելու համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, և նման խնդիր, ըստ պաշտոնյանի, դրված չէ։ Իսկ պաշտոնական լեզուն «հասարակության գրական և գիտական պահանջներին ծառայող լեզուն է», այն կարող է սահմանվել նաև օրենքով։
Պատգամավորը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է նաև մինչև պատերազմը: Որպես փաստարկ նա հիշատակել է Ռուսաստանում ապրող արցախցիների ամենախոշոր համայնքը, և նրանց ենթադրյալ վերադարձի համար բարենպաստ պայմանների ձևավորումը (կրթությունը կարելի է շարունակել ռուսերենով, պետական հաստատությունների հետ հաղորդակցվել ռուսերենով և այլն):
լրացում․ 16։35 Ղարաբաղի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այս մոտեցման հետ համաձայն չէ։ Վերջինս հռչակել է․ «Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն»։
Թանդիլյանի կարծիքով՝ պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։
«Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը», – հայտարարել է պաշտոնյան։
Ըստ նրա, «անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը» և «մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով»։