Home / Հայաստան / Վրաց ցուցարարներն արտաքսել են Պոզներին

Վրաց ցուցարարներն արտաքսել են Պոզներին

Ռուս լրագրող Վլադիմիր Պոզներն անցած գիշեր ստիպված է եղել լքել Վրաստանը, որտեղ նա պատրաստվում էր մնալ մինչև ապրիլի 3-ը և ընկերների հետ նշել իր 87-ամյակը։

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել այն հյուրանոցի մոտ, որտեղ ռուս լրագրողը կանգ էր առել։ Մասնակիցները ձվեր էին նետել հյուրանոցի շենքի վրա՝ իշխանություններից պահանջելով արտաքսել Պոզներին։

Հյուրանոցն, իդեպ, 10 000 լարի տուգանք է մուծելու՝ երկրում առկա համավարակային սահմանափակումները խախտելու համար։ Կտուգանվեն նաև Պոզներն ու իր ընկերները։

Լրագրողը ցույցերից հետո փորձել է մեկ այլ հյուրանոց գնալ, սակայն ցուցարարներն այնտեղ ևս հավաքվել են․

«Մենք չենք պատրաստվում ցրվել և այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև Աբխազիան Վրաստանի մաս չհամարողները լքեն մեր երկիրը։ Կլինեն անընդմեջ ակցիաներ», -հայտարարել է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավար Զաալ Ուդումաշվիլին։ Բաթումում ևս ցույցեր են եղել։

Զայրույթի հիմնական պատճառը 2010 թվականին հրապարակված հարցազրույցներից մեկն էր, որում լրագրողը հայտարարում էր, թե խորհրդային տարիներին վրացիները աբխազներին ընկալում էին որպես՝ «երկրորդ կարգի մարդկանց» և որ Աբխազիան երբեք չի վերադառնա Վրաստանի կազմ։