ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը, որի ընթացքում պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, չի կայացել քվորում չլինելու պատճառով:
Այսօր ավելի վաղ օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունել էր փոփոխությունները, որոնցով ռեյտինգային (մեծամասնական) ընտրակարգից անցում է կատարվում պարզ համամասնականի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը առաջին ընթերցման ժամանակ «Իմ Քայլին» մեղադրել էր ստախոսության մեջ․
«Ես պլանավորել էի ոչ մի հարց չտալ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի։ Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մի նախագիծ՝ Վենետիկը կարդում է մի հատ ուրիշ նախագիծ, ու խորհրդարան եք բերել արտահերթով ընդունելու մի հատ ընդհանրապես ուրիշ նախագիծ, ո՞ւմ եք ուզում մոլորեցնեք, խաբեք, մտածում եք, որ այդ մարդիկ չեն տեսնում, որ ուրիշ բան ուղարկել, ուրիշ բան ընդունում եք»։
Օրինագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը, սակայն, պատասխանել է, որ նախագծի միակ տարբերությունը Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաթեթից այն է, որ փաթեթի որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունվել։
Այսպիսով՝ առաջարկվող նոր ընտրական օրենսգրքի որոշ մասեր, օրինակ՝ ռեյտինգային ընտրակարգից անցումը համամասնականի, պետք է ընդունվեին այսօր, իսկ մյուս կարգավորումները՝ ավելի ուշ։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով և հավելել, որ ընդդիմությունը նոր ընտրակարգին դեմ չէ։
Գործող և առաջարկվող Ընտրական օրենսգրքերի տարբերությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։