Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որոնցով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային (մեծամասնական) ցուցակներից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի։ Նախագիծն այժմ պետք է ստորագրվի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։
Նախագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱԺ նիստը, որում նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվեր, չի կայացել քվորում չլինելու պատճառով։
Օրինագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է, որոշում է կայացվել օրինագծից հանել COVID-ով պայմանավորված բոլոր կարգավորումները: Իմքայլական պատգամավորի խոսքով՝ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված խնդիրներ են տեսնում։
«Այդ իսկ պատճառով ընդառաջ գնալով՝ բոլոր այդ կարգավորումներից, որոնք պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, մենք հրաժարվել ենք»,- նշել է Հովակիմյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր այս փոփոխության և առաջարկում էր ունենալ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգ։
Բաց ցուցակներով համամասնական համակարգը ենթադրում է, որ ընտրության ժամանակ քաղաքացիները, բացի կուսակցությունից, պետք է քվեարկեն նաև կուսակցական ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին, մինչդեռ նախագծով առաջարկվող փակ ցուցակներով ընտրակարգի պարագայում ընտրողներն իրենց ձայնը տալիս են միայն կուսակցությանը, իսկ կուսակցությունների համապետական ցուցակը հրապարկվում է ընտրություններից առաջ։
Իշխանական խմբակցությունը, սակայն, վստահեցնում է, որ այս նախագծով ընտրությունների ընթացքը պարզեցվում է։
Գործող և առաջարկվող Ընտրական օրենսգրքերի տարբերությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։