Եթե Ռուսաստանում «ապօրինի» բնակվող ԱՊՀ քաղաքացիները մինչև հունիսի 15-ը երկիրը չլքեն, ապա Մոսկվան պատրաստ է վտարել նրանց և փակել սահմանները։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ փոխնախարար Ալեքսեյ Գորովոյը։
«Ձեր երկրների քաղաքացիների քանակը, ովքեր այսօրվա դրությամբ իմ երկրում են գտնվում, անօրինական է», – հայտարարել է Գորովոյը։
Փոխնախարարը խորհուրդ է տվել հարցը լուծել տեղական ԶԼՄ-ների և բլոգերների օգնությամբ և հավելել՝ «ձեր երկրների քաղաքացիների նկատմամբ միգրացիոն ռեժիմի խախտման համար իրավակիրառ որևէ պրակտիկա չի լինի»։
Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո Ռուսաստանի ներգաղթյալների որոշ մասը կարողացել էր տուն վերադառնալ, իսկ մի մասն էլ մնացել էր Ռուսաստանում։ Դեկտեմբերին նախագահ Պուտինի հրամանով միգրանտներին թույլ տրվեց մնալ երկրում մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։
Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով այս պահին երկրի տարածքում «ապօրինի» գտնվում են Ադրբեջանի՝ շուրջ 120 000 , Հայաստանի՝ շուրջ 61 000, Ղազախստանի՝ շուրջ 49 000, Ղրղըզստանի՝ շուրջ 155 000, Տաջիկստանի՝ շուրջ 247 000 Ուզբեկստանի՝ շուրջ 332 000 և Ուկրաինայի շուրջ 152 000 քաղաքացիներ։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլին հայտարարել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում ներգաղթյալների թիվը «շատ է պակասել» և նրանք «շատ են պետք՝ շինարարությունների հավակնոտ նախագծերն իրագործելու համար»։