Home / Բանակ / ՊՆ-ն հերքում է Բաքվի մեղադրանքները

ՊՆ-ն հերքում է Բաքվի մեղադրանքները

Հայաստանի  պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից այսօր հնչեցված մեղադրանքների վերաբերյալ.

— Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:

Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն այսօր հայտարարել է, որ նախօրեին հայկական կողմը  մի շարք սադրանքներ է ձեռնարկել Սյունիքի ուղղությամբ։

Ավելի վաղ Ղարաբաղի ներքին գործերի, պաշտպանության, իսկ հետո նաև արտաքին գործերի նախարարությունն ահազանգել էին ապրիլի 20-ին  Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Համաձայն Ղարաբաղի ԱԳՆ հայտարարության՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։