Ադրբեջանական ուժերը վերջին օրերին խախտել են հրադադարի ռեժիմը՝ կրակելով խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հայտնել է Ղարաբաղի ՊԲ֊ն
«Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները։
Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին», – ասված է պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ղարաբաղի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ապրիլի 20-ի հետկեսօրին կրակոցներ են արձակվել Ստեփանակերտի բնակելի տան վրա։
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տանը հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Բարեբախտաբար տուժածներ չեն եղել: Տանը գտնվել են երեխաներ: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշել է Ղարաբաղի ՆԳՆ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Պաշտոնյան հայտնել է, որ Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ ոստիկանություն ահազանգ չի ստացվել։
«Այդուհանդերձ՝ հաշվի առնելով, որ նման տեղեկատվություն է տարածվել՝ այդ ուղղությամբ ևս համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում»,- ասել է Թադևոսյանը։
լրացում․ 13։10 — Հաղորդագրություն է տարածել նաև Ղարաբաղի ԱԳՆ-ն։ Հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։