Ապրիլի 22-23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսք։
Ասուպային հոսքն կոչվում է «Քնար» (Lyra)՝ համաստեղության անունով։ Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թեթչերի գիսավորն է, որը հայտնաբերվել է 1861-ի ապրիլին՝ սիրող աստղագետ Ա․ Թեթչերի կողմից։ Ի տարբերություն Պերսեիդների ասուպային հոսքի՝ Լիրիդներինն այդքան էլ առատ չէ։ Մեկ ժամում կարելի է տեսնել 10-20 ասուպ, սակայն դրանց մեծ մասը շարժվում է շատ մեծ արագությամբ` անցնելով Երկրի մթնոլորտով միջինում 48կմ/վ արագությամբ։ Լիրիդների միայն քառորդ մասն է հետքեր թողնում երկքնում։
Բյուրականի աստղադիտարանի հաղորդագրությունը հիշեցնում է, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է, որպես կանոն, գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են՝ թողնելով «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:
Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»: