Կինո Մոսկվայի դիմաց այսօր առավոտյան սպանված տղամարդը Գավառի բնակիչ էր՝ ծնված 1971 թվականին, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ։
«Հայկական ժամանակը» ավելի վաղ գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ սպանվածը Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է՝ Հովոն: Ըստ նույն աղբյուրի, մահափորձի թիրախը Ռաֆայել Մարդոյանն է եղել, որը մնում էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում: ՀԺ-ի պնդմամբ՝ Մարդոյանին դեպքից հետո տարել էին ոստիկանություն։
Լրագրող Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սա Մարդոյանի նկատմամբ արդեն հինգերորդ մահափորձն է․
«5-րդ մահափորձը։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Էսօր Երևանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը», – գրել է լրագրողը։
Հիշեցնենք՝ առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, կրակոցների հետևանքով տղամարդ է սպանվել։