Home / Ոստիկանություն / Կինո Մոսկվայի մոտ մարդ են սպանել․ Ոստիկանությունը մաղթում է անվտանգ օր

Կինո Մոսկվայի մոտ մարդ են սպանել․ Ոստիկանությունը մաղթում է անվտանգ օր

Առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, կրակոցների հետևանքով տղամարդ է սպանվել։

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ սպանվածը Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է՝ Հովոն: Ըստ նույն աղբյուրի, մահափորձի թիրախը Ռաֆայել Մարդոյանն է եղել, որը մնում էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում: ՀԺ-ն գրում է, որ դեպքից հետո ոստիկանները քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին տարել են ոստիկանություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։

Ոստիկանության հետ սերտորեն համագործակցող Գագիկ Շամշյանի կայքը գրել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

Դեպքից ընդամենը երկու ժամ առաջ Ոստիկանությանը թվիթերյան էջը հրապարակել էր Կինո Մոսկվայի դիմաց արված հետևյալ լուսանկարը՝ «Բարի լույս։ Խաղաղ և անվտանգ օր բոլորիս»։

https://twitter.com/ArmenianPolice/status/1399953957829623811

Սա ոստիկանության պաշտոնական էջում հրապարակված վերջին գրառումն է։ Այլ հաղորդագրություններ ոստիկանությունը դեռևս չի հրապարակել։