Երեք հոգի զոհվել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են հարավարևեյան Չեխիայում երեկ երեկոյան սկսված պտտահողմի հետևանքով։ 7 մեծ ու փոքր բնակավայրեր լրջորեն վնասվել են, որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են, մեքենաները՝ շրջվել, 120 000 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Ըստ տեղի փրկարարական ծառայության՝ կա հավանականություն, որ զոհերի թիվը կավելանա
Փրկարարական աշխատանքների համար երկրի զինուժերին միացել են հարյուրավոր ոստիկաններ։ Օգնության են հասել նաև Չեխիայի մյուս շրջաններում, ինչպես նաև հարևան Ավստրիայում և Սլովակիայում աշխատող փրկարարներ։
Չեխական Հրուսկի քաղաքի ղելավարը հայտարարել է, որ իր քաղաքի կեսը գրեթե լրիվ ավերվել է․
«Եկեղեցին այլևս աշտարակ չունի, տարրական դպրոցը՝ տանիք ու ջեռուցում, տներից միայն պատեր են մնացել, վիրավորներ կան։ Սա իրոք սարսափելի է», – նշել է քաղաքապետ Մարեկ Բաբիշը։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսն էլ տեղի ունեցածը «մեծ ողբերգություն» է անվանել։ Բաբիսը պտտահողմի ժամանակ Բրյուսելում է եղել՝ ԵՄ գագաթնաժողովին։ Նա պատրաստվում է այցելել հողմերից տուժած տարածքներ։