Ազգային անվտանգության ծառայություն հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Երևանի քաղաքապետարանի՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատան վարիչն ու հստկիչը։
Ըստ ԱԱԾ-ի, համայնքային գերեզմանատան վարիչը՝ հսկիչի օժանդակությամբ, գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու և գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվողների հարազատներից պահանջել և ստացել է 1 միլիոն 420 հազար դրամի կաշառք։ Սա այն դեպքում, երբ տարածքի համար բոլոր վճարումներն արված են եղել:
Բացի այդ, ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ գերեզմանատան վարիչը բարեկարգման (վճարովի) աշխատանքներ է կազմակերպել՝ մասնավոր հիմունքներով, ինչի դիմաց հուղարկավորվածների հարազատներից ստացել է 780 հազար դրամ, որը գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին և գրպանել է։
Գերեզմանատան վարիչն ու հսկիչը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել, այնուհետ, դատարանի որոշմամբ, վերջիններս կալանավորվել են։
Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն ավելի վաղ հայտարարություններ էր տարածում, թե Երեւանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար և խնդրում քաղաքացիներին «ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռքբերումը, կատարել գործող օրենքի սահմաններում»։