Home / Ազգային ժողով / Այլ ճանապարհ չունենք. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի 5-րդ նախագահ

Այլ ճանապարհ չունենք. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի 5-րդ նախագահ

Վահագն Խաչատուրյանը ձայների 71 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ (երկրորդ փուլով) ընտրվեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ:

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցում էին 71-ը։ Անվավեր քվեաթերթիկներ չկային: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը բոյկոտում էին։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանն առաջին փուլում չէր կարողացել նախագահ ընտրել։ Վահագն Խաչատրյանի թեկնածությանը (անհրաժեշտ 80-ից) կողմ էր քվեարկել ընդամենը 69 պատգամավոր։ Նշանակվել էր երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում նախագահի թեկնածուին պահանջվում էր արդեն 65 ձայն։

Ընդդիմությունը երեկվա ԱԺ նիստին, որի ընթացքում հարց ու պատասխան էր նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ, նույնպես չէր մասնակցում։

Խաչատուրյանն, ի թիվս այլի, իր ելույթում անդրադարձավ հետպատերազմական խնդիրներին: Ըստ նրա, Հայաստանում տնտեսական հաջողությունների կարող են հասնել միայն այն դեպքում, երբ գործի անվտանգության համակարգը․ «Երբ մենք մեզ ապահով զգանք, երբ տարածաշրջանում պատերազմի վտանգ չլինի, երբ սահմանները բացվեն»։

«Մեր մեջից վախերը պետք է հանել, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Այսինքն, բոլոր երկրները, ում հետ մենք հարևաններ ենք, պետք է բարիադրացիական հարաբերություններ հաստատատենք իրենց հետ։ Այլ ճանապարհ չունենք և պետք չէ մտածել, որ մեկը պետք է գա, մեզ օգնի, մեզ դժվարություններից հանի։

Մենք ունենք հարևաններ և հարևանների հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել։ Խոսելը, բանակցելը, համագործակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը, ուժ ցույց տալը։ Հակառակ մտածողությունը նշանակում է, որ մենք երկիրը տանում ենք կործանման։

Մեր քաղաքացիների, բոլորի հետ պետք է համարձակ խոսենք ու բացատրենք՝ ինչ է նշանակում այս տարածաշրջանում ապրելը։ Եթե մեկուսացվում ես, եթե սահմանները փակ են, եթե տնտեսական համագործակցություն չկա․․․Մենք 90-ականների սկզբին այդպիսի մի վիճակում եղել ենք, շատ մեծ դժվարություններով ու զրկանքով ենք կարողացել հաղթահարել այդ շրջափակման մի մասը», – նշել է Խաչատուրյանը։

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ նրա, վկայում են այն մասին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, Հայաստանը չպետք է մեկուսացված լինի․ «Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը դրա լավագույն հաստատումն էր»։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին, նախագահը վերահաստատել է՝ լիովին աջակցում է դրան, քանի որ երկրի զարգացման այլ ճանապարհ չի տեսնում։

Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը համառոտ՝

1992-1996թթ․՝ Երևանի քաղաքապետ

1996- 1999թթ․՝ ԱԺ պատգամավոր

1996-1998թթ․՝ Նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի խորհրդական

2019-2021թթ․՝ «ՀայԷկոնոմ» բանկի տնօրենների խորհրդի անդամ

2021թ․՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախագահ