Home / Հայաստան / Հենրիխ Մխիթարյանը լքում է ազգային հավաքականը

Հենրիխ Մխիթարյանը լքում է ազգային հավաքականը

Հենրիխ Մխիթարյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։

«Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։

Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում,  իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:

95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս»,- գրել է թիմի արդեն նախկին ավագը:

Մխիթարյանը նշել է, որ այս եզրահանգմանն է եկել 2021-ի նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած խաղից հետո։

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ​​ամենը՝ ինչ կարող էի: Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:

Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։

Հենրիխ Մխիթարյանն Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2007 թվականի հունվարի 14-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում։ Ազգային հավաքականում 95 հանդիպում է անցկացրել, որոնցում խփած 32 գոլերի շնորհիվ համարվում է Հայաստանի ընտրանու լավագույն ռմբարկուն։ 2016 թվականից՝ դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարիերայի ավարտից հետո, Հայաստանի հավաքականի ավագն էր։ 2019-ից հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։