Ղազախստանի խորհրդարանն այսօր ընդունել է «Ղազախստանի կառավարության և ՀՀ կառավարության միջև Հայաստան նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը»։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի նավթամթերքի հիմնական մատակարարն է, ղազախական արտադրանքի հնարավոր մատակարարումները կորոշվեն մնացորդային սկզբունքով»,- ասել է Ղազախստանի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ասեթ Մագաուովը։
Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտուրն իրականացվում է առանց արտահանման մաքսատուրքերի վճարի ու մաքսային հսկողության։ Մագաուովը նաև նշել է, որ գործնականում արտահանման գործարքները կնքվում են արտարժույթով, սովորաբար ԱՄՆ դոլարով․ «ուստի՝ ռիսկեր չեն սպասվում»։
Համաձայնագիրը դեռևս պետք է ստորագրի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Եվրասիական տնտեսական միության անդամների միջև նավթի և նավթամթերքի մատակարարումը կարգավորվում է առանձին երկկողմանի համաձայնագրերով։ Այս համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2020 թվականի հուլիսի 16-ին Նուր-Սուլթանում։