Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տարակուսելի է որակել Կանադայի դեսպանատան բացման և այդ կապակցությամբ պաշտոնական Օտտավայի հաղորդագրության կոնտեքստը։ ՌԴ դեսպանատան հրապարակած մեկնաբանությունը՝ ստորև․
— Ուշադրություն դարձրեցինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումներին։ Բան չկա, բայց տարակուսանք է առաջացնում այն, որ Կանադայի ԱԳՆ-ն այս քայլը, ըստ ԶԼՄ-ների, անկեղծորեն ներկայացրել է այդ թվում «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմացնում է նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։
Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա:
Այս սյուժեն հատկանշական է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակները վերաբերվում մնացած աշխարհին։ Ուրիշ երկրների և ժողովուրդների հանդեպ այս անբարտավան և երբեմն մեծամիտ (аррогантный) վերաբերմունքն է հենց ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգությունների հիմքում։
Ավելի վաղ Կանադան տեղեկացրել էր չորս երկրներում՝ Էստոնիայում, Լիտվայում, Սլովակիայում և Հայաստանում դեսպանություն բացելու մասին:
Էստոնիայում, Լիտվայում և Սլովակիայում դեսպանատուն բացելու կապակցությամբ Կանադայի ԱԳՆ-ն նշել էր, որ դա կուժեղացնի «Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում», «կօգնի դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»։ Հայաստանի մասով շեշտվել էր ժողովրդավարության աջակցելու նպատակը։