Պաշտպանության նախարարությունը դադարեցնում է «Ես եմ» ծրագիրը և ներդնում «Պաշտպան Հայրենյացը»․ օրինագիծն ընդունվել է խորհրդարանի այսօրվա նիստին՝ 91 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմաբ և ամբողջությամբ։ Նախագծին կողմ է քվեարկել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով՝ Կառավարությունը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համարագ է գործարկում։
տե՛ս Հայաստանցիներին ծառայեցնելու նոր ձև են մտածել․ «Հայրենյաց պաշտպան»
«Պաշտպան հայրենյաց»-ով 18-ամյա զինծառայողներին առաջարկում են 6 ամիս ծառայելուց հետո 5 տարվա պայմանագիր կնքել և դառնալ պայմանագրային զինծառայող՝ ստանալով ամսական մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվելով պայմանագրային զինծառայողին հասնող արտոնություններից։ Ինչպես և մյուս պայմանագրայինները, նրանք «կմտնեն ատեստավորման գործարկվող կանոնի մեջ»․ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույթներով, իսկ ատեստավորումից հետո՝ արդեն կրկնապատկված դրույթներով։
Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական խնդիրների հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելու դեպքում «Պաշտպան հայրենյացի» պայմանագրային զինծառայողները 5 միլիոն դրամի չափով միանգավ պատվովճար կստանան, որը ազատ են տնօրին ըստ սեփական հայեցողության։ Նախկին նախապայմանները հանվել են։
«Պաշտպան հայրենյացի» գործարկմամբ կառավարությունը դադարեցնում է նախկին իշխանությունների օրոք ընդունված և 2018-ից գործող «Ես եմ» ծրագիրը, որը անցած 4 տարիների ընթացքում փաստացի տապալվեց։
Աղքատները կծառայեն 5 տարի, հարուստները՝ 4․5 ամիս
ՊՆ-ի նոր մոտեցման համաձայն, ժամկետային այս պայմանագրայինների աշխատավարձային ֆոնդի առնվազն մի մասը կգոյանա վաղաժամ զորացրված զինծառայողների վճարներից։
«Հայրենյաց պաշտպանի» ներդրմանը զուգահեռ պաշտպանության նախարարությունը ևս մեկ համակարգ է առաջարկում, որը ներկայացնում է որպես «շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն ինստիտուտ»։
տե՛ս ՊՆ-ն առաջարկում է 60 000 դոլարով վաղաժամկետ ազատվել բանակից
Ըստ էության, սա բանակից օրինական ազատվելու մի հնարավորություն է, որը հասանելի է բացառապես հարուստների համար։
ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայության ուսումնական փուլը (~4.5 ամիս) լրանալուց հետո՝ պետբյուջե 24 մլն դրամ (մոտավորապես 60 հազար դոլար) վճարելու պայմանով, պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն ներդնել:
Հիմնավորումը մոտավորապես հետևյալն է՝ հարուստների վճարած այս գումարի շնորհիվ պետությունը կկարողանա ամսական մինչև 400 հազար դրամ աշխատավարձ վճարել աղքատներին, որոնք՝ դիմելով «Հայրենյաց պաշտպան» ծրագրին, կհամաձայնեն 2 տարի պարտադիր զինծառայությունը փոխարինել 5 տարի պայմանագրային ծառայությամբ։
տե՛ս Աղքատությունը չնկատող ՊՆ-ի նախագիծը պետք է հանվի
Փոշմանել չկա
Եթե ժամկետայինը դիմում է «Հայրենյաց պաշտպան» ծրագրին և անցնում (վճարովի) պայմանագրային ծառայության, ընթացքում՝ որոշում հրաժարվել դրանից, ապա ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվում, և զինվորականը շարունակում է պարտադիր ծառայության չծառայած մասը։
Ի՞նչ է սա նշանակում։ Օրինակ, եթե կես տարի ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը դիմում է «Հայերյաց պաշտապան» ծրագրին, պայմանագիր ստորագրել և այդ նոր կարգավիճակով ծառայում ևս 2 տարի, հետո՝ փոշմանում և հրաժարվում ծրագրից, համարվում է, որ նա պարտադիր զինծառայության իր ժամկետը չի լրացրել և պարտավոր է ևս 1․5 տարի ծառայել՝ արդեն անվճար և որպես սովորական, պարտադիր ժամկետային զինծառայող։
«Պատիվ ունեմ»-ը կմնա, «Ես եմ»-ը կավարտվի
«Հայրենյաց պաշտպանը» կփոխարինի «Ես եմ»՝ պաշտպանության նախարարության նախորդ համանման ծրագրին։
Սերժ Սարգսյանի օրոք՝ «ազգ-բանակ» հայտնի հայեցակարգի շրջանակներում, այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկու ծրագիր էր առաջարկել։
Առաջինը կոչվում էր «Պատիվ ունեմ» և զուգորդվում էր տարկետման իրավունքի փաստացի վերացման հետ։ «Պատիվ ունեմ»-ի տակ ստորագրած երիտասարդները տարկետում էին ստանում՝ բակալավրիատը ավարտելուց հետո պարտավորվելով ծառայել 2-ի փոխարեն 3 տարի։ Մյուսները բանակ էին գնում համալսարան ընդունվելուց անմիջապես հետո կամ նախքան ընդունվելը։
Երկրորդ ծրագիրը կոչվում էր «Ես եմ» և առաջարկում էր ժամկետային-պայմանագրային ծառայության տարօրինակ մի մոդել։ Ծրագրի մասնակիցները 2-ի փոխարեն ծառայում էին 3 տարի՝ 1+1+2 ձևափաչով (ամիսը 1 շաբաթ՝ տանը, 1 շաբաթ՝ զորամասում, 2 շաբաթ՝ առաջնագծում): ՊՆ-ն երկարաձգված այս ծառայության դիմաց նրանց առաջարկում էր ամսական 35-ից 45 հազար «դրամական բավարարում», իսկ եռամյա ծառայությունն ավարտելուց հետո՝ 5 միլիոն դրամի չափով պատվովճար։
Ծրագրի ներդրումից շուրջ 5 տարի անց պաշտանության նախարարությունը խոստովանում է՝ «համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակը չբավարարեց, աստիճանաբար նվազեց, իսկ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում»։ «Հայրենյաց պաշտպանի» ներդմամբ դրա գործունեությունը կդադարեցվի։
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ին, ՊՆ Սուրեն Պապիկյանը չի բացառում, որ հետագայում այն ևս կվերանայվի. «Համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, պարոն վարչապետ, որ կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու հետ կապված։ Բազմաթիվ խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պիտի լինեն: Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում»:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս կառավարությունը մասնակիորեն «վերականգնել է» տարկետման իրավունքը․ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ֆակուլտետների որոշ ուսանողներ այսուհետ տարկետման հնարավորություն կստանան, իսկ հումանիտարները՝ ոչ։