Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և աշխատակիցներից մի քանիսը ձերբակալվել են։
Ոստիկանության հաղորդում է, որ տեղեկություններ են ստացվել, ըստ որոնց՝ տուն-ինտերնատի տնօրենը հիվանդներին խոշտանգում է, զրկում հասանելիք սնունդից, ծխախոտից և ենթարկում աշխատանքային շահագործման։
Տուն-ինտերնատի հիվանդներից մեկին ոստիկանները հայտնաբերել են իր հիվանդասենյակում՝ ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված վիճակում։
Պարզվել է նաև, որ բուժառուներին ստիպում են մաքրման աշխատանքներ կատարել ինտերնատի տնօրենին պատկանող խոզանոցում։ Բացի այդ՝ տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն:
Ավելի ուշ Ոստիկանության Վարդենիսի բաժնից պարզաբանել են՝ տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք:
Ըստ հաղորդման՝ հիվանդները տուն-ինտերնատում նաև խոշտանգման են ենթարկվում։
«Հաղորոդման տվյալներով, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներից պահանջել և ստացել է գումար, որպեսզի բարձրացնի դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին տնօրենը, գումար վերցնելով, ընդունել է աշխատանքի որպես հսկիչ։
Հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում նաև Վարդենիս քաղաքի մի բնակիչ, ով երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր,
սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել, և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ», – հավելել է Ոստիկանությունը։
Հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Նույն օրը «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հիվանդասենյակներում, այլ տարածքներում կատարվել են զննություններ։
«Հենց տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց»։
Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:
Հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի վարչությունում ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը: