«Նոր Զովք» ՍՊԸ-ում հարկային չարաշահումների վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ «Նոր Զովքի» 100% բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն (խմբ. – Արամ Արամյանը) տնօրեն Ռ․Ա․-ի (խմբ․ – Ռաֆիկ Ալիխանյանի) և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, ավելի քան 4 միլիարդ դրամ հարկ չի վճարել:
Մասնավորապես՝ խանութների ցանցում, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ-ի օգնությամբ, ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ Վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։
Արդյունքում՝ 2019-2023թթ․ ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2.205.858.586 դրամ ավելացված արժեքի հարկ և 1.921.752.578 դրամ շահութահարկ:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար, որոնք բավարարվել են։
Դատարան ներկայացնելու համար վերջիններս ձերբակալվել են։
Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին «Նոր Զովք» սուպերմարկետի ցանցի բոլոր մասնաճյուղերը փակվել էին։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «խուզարկություններ է իրականացնում» այնտեղ։
«Նոր Զովքը» պատկանում է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի եղբորը՝ Արամ Արամյանին: Ժամանակին, երբ լրատվամիջոցները գրել էին, որ այնտեղ բաժնեմաս ունի նաև Մեսրոպ քահանա Արամյանը, սուպերմարկետների ցանցն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ Արամ Արամյանը սուպերմարկետների ցանցի միակ հիմնադիր-տնօրենն է: