հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ձերբակալվել է Հայաստանի ազգային հերոսը

Ձերբակալվել է Հայաստանի ազգային հերոսը

Արամուսի ռեստորաններից մեկում երեկ երեկոյան վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ (2021-21), Ազգային հերոս (2020, հոկտեմբեր), գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հարբած է եղել, վիճաբանել է ու սկսել կրկակել։ Վիրավորվել է կողքի սեղանին նստած տղամարդը, որը վեճի հետ առնչություն առհասարակ չի ունեցել։ Դեպքից անմիջապես հետո գեներալը դիմել է փախուստի: Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է։

Ոստիկանությունից ավելի վաղ հայտարարել էին, թե հունվարի 11-ին, ժամը 23-ին, Կոտայքի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է․ «Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս, ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ՝ 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում»։

Հաղորդագրությունում անուններ չեն նշվել, կից հրապարակվել է ստորև ներկայացված տեսանյութը․

թարմացում (18:05) — Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հավաստիացնում է՝ ձերբակալման պահին ինքն ու իր պաշտպանյալը «պատրաստվում էին դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին», ուստի «տեղեկությունները, թե գեներալը փախել կամ թաքնվել է քննությունից, չեն համապատասխանում իրականությանը, հերյուրանք են»:

Միջադեպը, որի հետևանքով քաղաքացի է վիրավորվել, տեղի է ունեցել Արամուսի ռեստորանում՝ հունվարի 11-ի երեկոյան։ Գեներալը, ըստ ոստիկանների, ձերբակալվել է հաջորդ օրը՝ Ջրվեժի հյուրանոցներից մեկում։ Թե ինչո՞ւ նա չի մնացել՝ սպասելու իրավապահներին, կամ միանգամից չի ներկայացել ոստիկանություն՝ պաշտպանը չի ասել։ «Նախաքննությանը չվնասելու նպատակով այս փուլում զերծ կմնանք մանրամասներ հրապարակելուց, սակայն վստահեցնում ենք, որ քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել», – նշել է փաստաբանը։

թարմացում (հունվարի 15) – Գեներալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Ըստ փաստաբանի՝ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն հոդվածով, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով։

Միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։