Հայաստանի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Քամիլ Զեյնալըին, ով անցած գիշեր ձերբակալվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ազատ է արձակվել՝ գրել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Լրատվամիջոց փոխանցմամբ՝ Զեյնալըին այսօր կվերադառնա Բաքու։
Ռուսաստանի պաշտոնական աղբյուրները դեռ չեն մեկնաբանել ադրբեջանցու ազատ արձակման մասին տեղեկությունները:
Հայաստանի ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Երևանը նշված անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել սպանության մեղադրանքով։
Թե ինչ գործով է անցնում Զեյնալըին՝ պաշտոնապես չի բացահայտվում։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա մեղադրվում է 2020-ի պատերազմի ժամանակ Հադրութի երկու բնակիչների սպանության համար։ Տելեգրամյան և թվիթերյան մի շարք էջեր Քամիլ Զեյնալըին էին վերագրում Ազոխ գյուղի 82-ամյա բնակիչ Յուրի Ա․-ի գլխատումը (հանցագործությունը կատարվել է 44-օրյա պատերազմի օրերին, գլխատման տեսանյութն ադրբեջանական տելեգրամ ալիքներում է հայտնվել 2020-ի դեկտեմբերին)։ Մոտ երեք տարի առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ վերջինս կարող էր ներգրավված լինել նաև Մոսկվայում 2020 թվականի հուլիսին կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներին։
Ադրբեջանական լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես հայտնի ֆիթնես բլոգեր։ 2021-ին Զեյնալըին շքանշանի է արժանացել
Գիշերը՝ ձերբակալման պահին, Զեյնալըին ուղիղ եթեր է մտել և հայտարարել, որ հայկական կողմն իրեն փնտրում է դեռևս անցած տարվա մայիսից։ «Ես արդեն երրորդ անգամն եմ Ռուսաստանում, բայց միայն հիմա են ինձ ձերբակալում, հույս ունեմ՝ մեր պետական կառույցները կաջակցեն ինձ»։ Նա ասել է, թե ռուս իրավապահները չեն բացառել իրեն Հայաստան արտահանձնելու հավանականությունը, և տեղեկացրել, որ դատն այսօր է լինելու։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից հայտարարել են, թե հարցը իրենց վերահսկողության տակ է գտնվում։ Դեսպանատունը նրա համար փաստաբան է վարձել և, ըստ դեսպանի, «ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը»։
Զեյնալըիի կինը՝ երգչուհի Գյուլայ Զեյնալըին, դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «օգնություն եմ խնդրում իմ նախագահից»․․․
Քիչ անց հայտնի է դարձել, որ հետախուզվող տղամարդն ազատ է արձակվել։
«Նրան ձերբակալել են Հայաստանի դիմումի համաձայն, բայց սա դեռ չի նշանակում, որ նրան կնստեցնեն ինքնաթիռ ու կուղարկեն Հայաստան, այդպես չի լինում։ Հիմա մենք սպասում ենք դատարանի որոշմանը, որն էլ կպարզի՝ որքանով հիմնավոր է Հայաստանի դիմումը», – ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբլօղլին։ Ռուսաստանի դատարանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցը կսկսի քննել վաղը։
2020 թվականի հոկտեմբերին, 44-օրյա պատերազմի ժամանակ, Ֆիզուլիի շրջանային դատարանը Քամիլ Զեյնալըին դատապարտել էր 10-օրյա վարչական կալանքի՝ «համացանցում արգելված տեղեկություններ տարածելու» և «պատերազմական դրության ռեժիմը խախտելու» համար։ 2020-ի դեկտեմբերին, 44-օրյա պատերազմի ավարտից հետո, նա կրկին կալանավորվել էր, այդ անգամ՝ արդեն 30 օրով՝ Քելբաջարի շրջան ապօրինի մուտք գործելու փորձի համար։