Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանն այսօր 4 տարվա ազատազրկման դատապարտվեց և համաներմամբ (և վաղեմության հիմքով) անմիջապես ազատվեց պատժից։
Մեղադրող դատախազը Երանոսյանի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել։ Դատարանը վերաորակեց մեղադրանքը։ Երանոսյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը չարաշահելու համար։ Այս մասով քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետի լրացման հիմքով։
Երանոսյանը մեղավոր ճանաչվեց նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, դատապարտվեց 4 տարվա բանտարկության և անմիջապես ազատվեց պատժից՝ Էրեբունի-Երևան 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման հիմքով։
Լևոն Երանոսյանը մեղադրվում էր 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ ընդհանուր առմամբ 8 «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ գործադրելու և դրա հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը տարբեր աստիճանի վնաս պատճառելու համար։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ միասին մեղադրվում են նաև պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության (շուրջ 114 մլն ՀՀ դրամ) համար։