Անպիտան հավի միսը՝ 13․5 տոննա, ՊԵԿ-ն առգրավել է «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ–ից և ոչնչացրել՝ թաղելով Կոտայք գյուղի մոտակայքում։ ՍՊԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկա են բերել, թաղված միսը թաքուն հանել են հողի տակից և հետ են տեղափոխել պահեստ։
«Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր», – գրել է պետեկամուտների կոմիտեն։
Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ին են պատկանում Աբովյան քաղաքում գործող «Օրիգինալ» սուպերմարկետները, որտեղ 2 օր առաջ ակցիա էր հայտարարվել՝ «թարմ հավ, 1 կգ-ն՝ 1050 դրամ»:
Ո՛չ ՍՊԸ-ն, ո՛չ սուպերմարկետը Epress.am-ի զանգերին չեն պատասխանում։