Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով արդեն 5-րդ դատավորն է փոխվում, ամեն անգամ քննությունը սկսվում է զրոյից։ 57-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Նա թաքնվում է ռուսական բազայի տարածքում, դատական նիստերին չի ներկայանում, մասնակցում է օնլայն՝ ռազմաբազայից։
Վերջին նիստը օգոստոսի 6-ին է եղել՝ Գյումրիում։ Գործը ժառանգած հերթական դատավորը քննությունը պետք է սկսի զրոյից։ Դատալսումներն արդեն մոտենում էին ավարտին, առջևում եզրափակիչ ճառերն ու դատավճռի հրապարակումն էր։ Գործընթացի զրոյացումից հետո կողմերը կրկին վերադառնալու են մեկնակետին՝ ապացույցների ուումնասիրություն, հարցաքննություններ և այլն։
«Քրեական դատավարության կարգն այնպիսին է, որ եթե դատավորը փոխվում է, զրոյից պետք է սկսվի։ Արդեն հինգերորդ անգամ է փոխվում։ Տեսականորեն կարող է անընդհատ փոխվել։ [Ինչի համար է դա արվում՝] պետք է ԲԴԽ-ին հարցնել», – Epress.am-ին ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որի ղեկավարած կազմակերպությունը ներկայացնում է տուժողի իրավահաջորդի շահերը։
Ջուլիետա Ղուկասյանին սպանել են 2018-ին։ Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան՝ գործի գնալիս, նա դաժան ծեծի էր ենթարկվել և մահացել հիվանդանոցում՝ ստացած ծանր վնասվածքներից։
Նախաքննությունը պարզել էր՝ ռուսական բազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը «ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան», «հասնելով՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին»։
«Արդեն համարյա 6 տարի է անցել, բայց տուժողը հասանելի արդարադատություն դեռ չի ստացել։ Ի վերջո, մինչև դատավճռի կայացումը ոչ մեղադրյալն է մեղավոր համարվում, ոչ էլ շարժառիթները և հանգամանքները՝ բացահայտված։ Լավ կլիներ, որ դատավորին տեղափոխելիս հաշվի առնեին կոնտեքստը․ դատարանն արդեն հասել էր վիճաբանությունների փուլին, գործի ավարտին երկու-երեք դատական նիստ էր մնացել․․․», – Epress.am-ին պատմել է մահացած կնոջ դստեր՝ Անահիտ Ղուկասյանի փաստաբան Անի Չատինյանը։
2021-ի մայիսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը ներկայացնում է Ղուկասյանի շահերը, սկսել էր բոյկոտել դատական նիստերը։ Իրավապաշտպանները բողոքում էին, որ դատարանը, շրջանցելով հայաստանյան օրենքները, փաստացի արտոնում է ամբաստանյալի բացակայությունը դատական նիստերին։
«Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը պահանջում էր անվտանգության միջոցներ ապահովել Ա․ Ռազգիլդեևի համար, ապա պահանջում էր, որ դատական նիստերն անցկացվեն ռազմաբազայի տարածքում, դրանից հետո էլ միջնորդել էին դրանք հեռավար անցկացնելու համար», – գրել էր ՀՔԱՎ-ը։
Այս պահանջներին Հայաստանը հակադրվել չի կարողացել, և դատավորները, ուղղակիորեն խախտելով օրենքը, «գործի քննությունը վերջապես սկսելու համար» թույլատրել են Ռազգիլդեևին մասնակցել նիստերին հեռավար՝ 102-րդ ռազմաբազայի տարածքից։
«Մեղադրյալին դատարան չբերելու խնդիրը մնում է օրակարգում, — բացատրել է Արթուր Սաքունցը․ — Դա հեչ կապ չունի դատավորի փոփոխության հետ։ Մինչ այս օրինաչափությունը պահպանվել է՝ դատավորները փոխվել են, բայց մոտեցումը մնացել է նույնը․ ռուսական ռազմաբազայի հրամանատարը չի թույլատրել, որ Ռազգիլդեևին բերեն [հայկական դատարան]։ Հիմա կտեսնենք՝ նոր դատավորը ստեղծված իրավիճակում ինչպես է պահելու իրեն»։