Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչները երեկ փակել են Երևանյան խճուղին և Երասխ-Երևան երկաթգիծը ի նշան բողոքի «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ։
Առավոտյան գազի մոնոպոլիստ մատակարարի տեսուչները գյուղացիների տներ են այցելել ու փորձել տափօղակներ տեղադրել գազի խողովակների մեջ՝ գազի ճնշումը պակասեցնելու համար։
«էդ շայբան դնելուց, խողովակը դառնում է մի գրիչի ծայրի չափ։ Որոշ բաներ չեն աշխատի, ասենք բաքսի աշխատելու ընդացքում չես կարող գազօջախը միացնել։
Դրանով գազի ճնշումը ստիպված պիտի ուժեղացվի ու հաշվիչը շատ կգրի։ Ամեն ինչ ի վնաս ժողովրդի, ու ի օգուտ իրենց», – Epress.am-ին խնդիրը բացատրել է մխչյանցի Լեոնիդը։
Տեսուչները որպես այլընտրանք առաջարկել են, որ ջերմոցատերերը ցածր ճնշման գազի խողովակներ և հաշվիչ տեղադրեն (ГРП)։ Այսպիսի հաշվիչներ ունեն միայն մեծ ջերմոցատերերը, օրինակ՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Դրանք նախատեսված են արտադրական նպատակներով գազ սպառելու համար։ Փոքր տնային տնտեսությունները գազի սովորական՝ G6 հաշիչով են չափում և մինչև 1000 քառ. մետր ջերմոցների ծախսը։
Մխչյանում ծաղիկի ջերմոցներ ունեն գյուղացիների 90 տոկոսը։
«ԻՆչու են հենց ձմեռվա կեսին էդ հարցը բարցրացրել։ Ուզում են նոր տարվան դեմ փող աշխատեն։ Հիմա ցուրտ է, եթե գազը անջատեն, մարդիկ ներդումներ են արել, ծաղիկը կցրտահարվի։ Դնում են անելանելի վիճակում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է մխչյանցի գյուղատնտես Արմենը։
ГРП հաշվիչի տեղադրումը արժի մոտ 5-6 միլիոն դրամ։ Նման համակարգ դնելը ձեռնտու է մեծ ջերմոցներին, որովհետև գազի սակագինը ցածր է՝ 100 դրամ, եթե սովորական հաշվիչով՝ G6-ով՝ 140 դրամ է։
«Մենք ասել ենք, եթե ուզում եք ГРП տեղադրել, դուք տեղադրեք։ Ասում են՝ մենք էդքան փող չունենք։ РП-ն հզոր ա, շատ գազ է տալիս։ Ես եթե 5-6 միլիոն ունենամ, ինչի պիտի ջերմոց դնեմ։ Կամ եթե ես դա ներդնեմ, քանի տարի պիտի աշխատեմ իրանց համար, որ հետո ես եկամուտ ստանամ», – ասել է գյուղացիներից մեկը։
Գյուղացիները բողոքի ակցիային եկել են Արտաշատի շրջանի Գազպրոմի տեսուչները։ «Եկան նաև ոստիկանները, ասեցին՝ մենք ձեզ հետ ենք», – պատմել է ակցիայից մասնակիցներից մեկը։
Մխչյանցիները և Գազպրոմի աշխատողները եկել են ընդհանուր հայտարարի, որ հարցի լուծումը հետաձգվում է մինչեև 2025 թվականի ամառ։