Home / Հայաստան / Յանդեքսը վարորդների հաշվին է զեղջեր անում. աշխատողները դուրս են եկել բողոքի

Յանդեքսը վարորդների հաշվին է զեղջեր անում. աշխատողները դուրս են եկել բողոքի

Օնլայն տաքսիների վարորդներն այսօր բողոքի ակցիա են արել Հրազդանի կիրճում։ Նրանք Յանդեքսից և Յու տաքսիից պահանջել են վերացնել ոչ մի կերպ չվերահսկվող բարձր տարիֆները, վարորդների հաշվին հաճախորդներին տրվող զեղչերը և վերադառնալ հին 600 դրամ մինիմալներին։

Տաքսիստների խոսքով՝ իրենց աշխատածի ուղիղ կեսը, եթե ոչ ավելին, գնում է բենզինին կամ գազին, հարկերին և տուրքերին, Յանդեքսի և Յուի միջնորդավճարներին, հաճախորդներին տրվող զեղչերին, իսկ մյուս կեսով էլ մեքենայի ընթացիկ սպասարկման ծախսերն են հոգում։

«Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: ԿԲ-ն գների կայունություն չի ապահովում», – լրագրողներին պատմել է վարորդներից մեկը:

Նա նաև նշել է, որ տաքսի ծառայության օպերատորները ոչ մի կերպ չեն հիմնավորում երթևեկության տարիֆների բարձրացնել-իջեցնելը։ Հաճախ, երբ ուղևորին բարձր տարիֆ է ցույց տալիս, վարորդն աշխատում է սովորական 300 դրամ մինիմալով և հակառակը․ «Օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրացնում եմ: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա և որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որն ինքը հիմքում դրել է»։

Յանդեքսի լավամարդ լինելու համար ևս վարորդներն են վճարում։ Ցույցի մասնակիցներից մեկի խոսքերով Յանդեքսը հաճախորդներին սովորաբար տալիս է 10-30 տոկոս զեղչ, որ, սակայն, ընկերությունն այլևս չի փոխհատուցում։

«Ես զանգել եմ Յանդեքս, ասել եմ՝ թո՛ղ պատվերի վրա նշված լինի, որ զեղչով է։ Թո՛ղ վարորդն ինքը որոշի՝ ուզում է իր հաշվին զեղչով տանել, թե չէ։ Իրենք ոչ մի բան չեն անում, խաբելով աշխատացնում են զեղչի տակ», – բողոքել է տաքսիստներից մեկը՝ նշելով, որ նախորդ ամսվա համար իրենց տրված կոմպենսացիաները դեկտեմբերի մեկի գիշերը ծրագիրը հետ է քաշել։

Վարորդների խոսքով նման պայմանները չեն փակում մեքենայի հետգնման ծախսերը։ Օրինակ, հիմա Կոմֆորտ պլանի համար անցողիկ մեքենաներն արժեն 10 հազար դոլար և ավել։ Եթե իրենց աշխատավարձից հանվեն ընթացիկ սպասարկման, ավտովթարների և առողջապահական ծախսերը, կստացվի, որ իրենք մեքենան գնել են Յանդեքսի համար:

«Հիմա առաջ լա՞վ չէր։ Մարդը գնում էր ուրիշի մոտ, ուրիշի մեքենան էր քշում, ուրիշն էր պատվերը տալիս, իրիկունը 50/50 գումարը դնում էր գրպանը, գալիս էր տուն։ Ավտոյի տերը գազ կլցներ, ավտոն կսարքեր, ինչ ուզում էր թող աներ։ Հիմա 50 տոկոսը դուրս տամ, ավտոն էլ ես սարքեմ կամ վարկով ավտո առնեմ, որ գնամ Կոմֆորտ+ կամ Բիզնես քշեմ, Յանդեքսն էլ մտածի, որ կարելի է մանյովր անել՝ 128 հատ էլեկտրական մեքենաներ բերի Երևան ու էդ պլանների շեմը դնի 2020 թվից բարձր մեքենաներ», – լրագրողներին ասել է վարորդներից մեկը։

Տաքսիստների խոսքերով՝ իրենք օրական աշխատում են 12-14 ժամ` 300 դրամ մինիմալով։ Աշխատանքային պայմանագիր Յանդեքսի կամ Յու տաքսիի հետ չունեն, առողջապահական ապահովագրություն ևս։ Իրենց համար կենսաթոշակային ֆոնդին մուծումներ ոչ ոք չի անում, թոշակներն էլ արդեն ստաժով չեն։ Մեքենաների ապահովագրության համար էլ են իրենք վճարում։ Օպել քշողների ԱՊՊԱ-ն կրկնակի-եռակի թանկ է մյուս մեքենաներից։ Մեղադրում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որը թույլ է տվել Յանդեքսին մոնոպոլիստ դառնալ և վարորդների հետ վարվել՝ ինչպես ուզում է։

«Իրենք մեր խոցելի տեղը գտել են, մտածում են՝ մեկ է չենք կարող համախմբվել», – ասել է վարորդներից մեկը՝ հավելելով, որ իրենք պահանջում են ստեղծել տաքսիստների հարցերով զբաղվող հանձնաժողով և հանդիպում Նիկոլ Փաշինյանի կամ նրա մտերիմների հետ:

«Պարոն վարչապետ, եթե ձեզ հարմար չի, կարող է ձեր վստահված անձը գալ, թեկուզ չաշխատող՝ ձեր բարեկամը կլինի, ձեր ընկերը կլինի, թեկուզ 30 րոպեով։ 30 րոպեում ինքն այնքան բան կզեկուցի ձեզ, որ ոչ մեկ չի զեկուցել՝ ո՛չ ՏԿԵՆ-ը, ո՛չ ՊԵԿ-ը, ո՛չ Ապահովագրական բյուրոն», – ավելացրել է վարորդը։